Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում բնակավայրերի ոչնչացումն իրականացվում է Ադրբեջանի պետական բարձրագույն ղեկավարության ուղիղ հրահանգով»

Մարտ 12,2025 15:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայկական բնակավայրերի և բնակելի թաղամասերի համակարգված ոչնչացումը վկայում է ոչ միայն մշակութային ցեղասպանության աննախադեպ ծավալների, այլև բացահայտ էթնիկ զտման քաղաքականության մասին: Այս հանցավոր գործելաոճի հիմնական նպատակը ժամանակավորապես բռնազավթված Արցախում հայկական ինքնության, պատմության և ներկայության լիակատար ջնջումն է:

Ադրբեջանի իշխանությունները, օգտագործելով ծանր շինարարական և ռազմական տեխնիկա, համակարգված կերպով իրականացնում են հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը՝ վերածելով այդ գործողությունները կանխամտածված պետական մակարդակով իրականացվող հանցագործության: Բնակավայրերի ոչնչացումը, որն իրականացվում է հստակ ծրագրավորված ձևով և Ադրբեջանի ուժային կառույցների անմիջական մասնակցությամբ, անառարկելիորեն փաստում է, որ այս գործողություններն իրականացվում են պետական բարձրագույն ղեկավարության ուղիղ հրահանգով:

Նույն դաժան ձեռագիրը կիրառվել է նաև Նախիջևանում՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացման ժամանակ, երբ ադրբեջանական իշխանությունների հրահանգով ավերվեց հայկական բազմադարյա մշակութային ժառանգությունը՝ միջազգային հանրության աչքի առաջ: Այսօր Արցախում իրականացվող վանդալիզմը և պատմամշակութային հանցագործությունը շարունակվում են նույն քաղաքականության տրամաբանությամբ՝ դառնալով մշակութային ցեղասպանության ևս մեկ ցցուն օրինակ:

Ադրբեջան ռազմաքաղաքական ղեկավարության այս քաղաքականությունը բացահայտ մարտահրավեր է ոչ միայն հայ ժողովրդին, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհին, քանի որ պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Այս հանցավոր քաղաքականության թիրախ դարձան նաև Հադրութի շրջանի Առաքել և Ականաղբյուր գյուղերը, որտեղ հայկական բնակավայրերի ավերումը և պատմական հիշողության ջնջումը դարձան Ադրբեջանի համակարգված գործողությունների հերթական դրսևորումը:

Առաքել գյուղը, որը գտնվում էր բռնազավթված Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, մինչ օկուպացիան ընդգրկում էր նաև Սարալանջ, Ձորագյուղ, Քարագլուխ գյուղերը: 1991 թվականին «Օղակ» ահաբեկչական գործողության արդյունքում Առաքել գյուղը հայաթափվել է, ամբողջությամբ թալանվել և հրո ճարակ դարձել ադրբեջանցիների կողմից: Ազատագրվել է 1993 թվականի օգոստոսին:

Վանդալիզմի զոհ է դարձել նաև Առաքելի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի վրա ադրբեջանցիները կրակ են բացել տանկերից. քանդվել են գմբեթը, թաղը և հարավային ավանդատունն ամբողջությամբ:

2021 թվականի հունվարի 12-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Թվիթերում հրապարակեց տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի Առաքել գյուղում զինված ադրբեջանցի զինվորականները հատուկ մեքենայի օգնությամբ ոչնչացնում են խաչքարը, իսկ զինվորականներից մեկը տեսանկահարանում է խաչքարի տապալման գործընթացը: 2023 թվականի օգոստոսի 31-ի արբանյակային լուսանկարների վերլուծությունը վկայում է, որ Առաքել համայնքի և նրա կազմում գտնվող Ձորագյուղի բնակելի շինությունների շուրջ 90 տոկոսը ավերված է: Այս փաստն ընդգծում է տարածաշրջանում տեղի ունեցած ավերածությունների մեծ ծավալն ու դրանց համակարգված բնույթը:

Հատկանշական է, որ տեղորոշիչ քարտեզներում որպես մզկիթ նշված է իրականում բնակելի տուն, որը, համաձայն Նորայր Սարգսյանի մեզ փոխանցած տվյալների, պատկանում է Առաքել գյուղի բնակչուհի Մարինե Գասպարյանին: Նմանատիպ կեղծ տվյալ է գրանցվել նաև Ձորագյուղում, որտեղ որպես մզկիթ ներկայացված է հասարակական նշանակության կառույց: Այսօրինակ խեղաթյուրումները ոչ միայն փաստագրական սխալներ են, այլև կարող են նպաստել պատմամշակութային ժառանգության և բնակավայրերի մասին կեղծ տեղեկությունների տարածմանը:

Նման դեպքեր արձանագրվել են տասնյակ բնակավայրերում, ինչը խոսում է քարտեզագրական տվյալների համակարգված և միտումնավոր աղավաղման մասին: Այս հանգամանքը մտահոգիչ է ոչ միայն նյութական ավերածությունների, այլև տեղեկատվական տարածքում իրականացվող պատմական փաստերի խեղաթյուրման տեսանկյունից՝ ընդգծելով անհրաժեշտությունը պահպանելու պատմական ճշգրտությունն ու պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը:

Մարտի 7-ին Արարատ Պետոսյանը https://t.me/ararathau տելեգրամյան ալիքում հրապարակեց հերթական արբանյակային լուսանկարը, որի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է:

Հիշեցնենք, որ այս քաղաքականության զոհ են դարձել Շուշիի շրջանի հերոսական Քարին տակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ գյուղերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի բազմաթիվ բնակելի թաղամասեր: Այս ցանկը պարբերաբար ընդլայնվում է:

Այսօր ավելի, քան երբևէ անհրաժեշտ է միջազգային հանրության համարժեք արձագանքը՝ կանխելու Արցախում համամարդկային ժառանգության վերացմանն ուղղված այս ոճրագործ քաղաքականությունը: Պետք է միջազգային կազմակերպությունները, մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող կառույցներն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտները շտապ և վճռական քայլեր ձեռնարկեն՝ կանխելու այս մշակութային աղետը: Լռությունն ու անգործությունը միայն խրախուսում են Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի և մարդկության համընդհանուր ժառանգության վրա:

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31