Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդեռլանդները մեծապես պատրաստ է աջակցել Հայաստանին՝ «ՌԴ-ից ավելի քիչ կախված լինելու» հարցում․ նախարար Կասպար Վելդկամպ

Մարտ 12,2025 14:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանը եւ Նիդերլանդների Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեցին երկու երկրների ԱԳ նախարարները։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպումից հետո, երկու երկրների ԱԳ նախարարները հանդես եկան հայտարարությամբ։

«Այդ փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում»,- հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա առանձնացրեց համագործակցության այն հատվածը, որը վերաբերում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը․ դրա ուղղությամբ հավելյալ ջանքեր կգործադրվեն։ Խաղաղություն, որը, ըստ այդ փաստաթղթի, հիմնված կլինի երեք հայտնի սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ուժի կիրառման բացառում, ինքնիշխանության պահպանում։ Երկու նախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների եւ տրանսպորտային խաչմերուկին վերաբերող հարցեր։ Փաստաթղթում նշվում է, որ Երեւանի առաջարկած Խաղաղության խաչմերուկը կարող է դեր ունենալ այս հարցում։

Արարատ Միրզոյանն ասաց, որ եվրոպացի գործընկերոջը ներկայացրել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները, նշել է, որ կամքի պարագայում առաջիկայում կարող են հարաբերությունների բարելավման առումով լուրջ առաջընթաց ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարար Կասպար Վելդկամպն էլ հայտարարեց, որ Նիդեռլանդների համար սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է, հաճախ չի պատահում, որ երկրների հետ նման փաստաթղթեր են ստորագրվում։ Հայաստանի համար նման բացառության իրավունքը Կասպար Վելդկամպը բացատրեց հետեւյալ կերպ՝ Նիդեռլանդների համար կարեւոր է, որ եվրոպական հարեւանությունը լինի խաղաղ իրավիճակում։ Այդ առումով նա հավելեց՝ իր երկիրը մեծապես պատրաստ է աջակցել Հայաստանին՝ «ՌԴ-ից ավելի քիչ կախված լինելու» հարցում։ Եվրոպացի դիվանագետը հստակեցրեց՝ «Մեզ համար գովելի է այն կառուցողականությունը, որը ձեռք է բերվում այս բանակցություններում»։

Եվրոպացի դիվանագետը հայտարարեց, որ Հայաստանում ռուսական ապատեղեկատվական արշավներ են տեսնում, ինչի նպատակն է Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների փչացումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում այլ լարվածություններ ստեղծելը։

Դիվանագետը հայտարարեց նաեւ, որ իր երկիրը սատարում է ՀՀ եւ Թուրքիայի միջեւ երկխոսության բանակցություններին։ Երեկ թուրք գործընկերների հետ է հանդիպել եւ վստահ է, որ կողմերն ունեն պատրաստակամություն՝ հարաբերությունների բարելավման համար։

Նիդեռլանդները նաեւ դեսպանություն պաշտոնական բացումը կանի Հայաստանում, որպեսզի երկու երկրների միջեւ զարգանան նաեւ առեւտրատնտեսական, բիզնես կապերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31