Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանի բանաձևի առաջարկ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների, անօրինական կալանման և կեղծ դատավարության մասին

Մարտ 12,2025 12:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԱՋԱՐԿ

Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների, անօրինական կալանման և կեղծ դատավարության մասին,

Ֆրանսիսկո Ասիս, Վասիլե Դինկու, Նաչո Սանչես Ամոր, Էվին Ինսիր, Վիտենիս Պովիլաս Անդրյուկայտիս, Յաննիս Մանիատիս

S&D խմբակցության անունից

 

Եվրոպական խորհրդարանը,

 – հաշվի առնելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,

 – հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան,

 – հաշվի առնելով Ռազմագերիների հետ վարվեցողության մասին Ժնևի կոնվենցիան,

 Ա. քանի որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ընդունել են 23 անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայկական ծագում ունեցողների կալանավորումը, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանները փաստագրել են հայ գերիների առնվազն 80 հաստատված դեպք,

 Բ. քանի որ գոյություն ունեն Բաքվում պահվող հայ բանտարկյալների հանդեպ բռնության, հոգեբանական խոշտանգումների և անարդար դատավարության վերաբերյալ հավաստի հաղորդումներ, այդ թվում՝ յոթի դեպքում, որոնք արդեն դատապարտվել են անարդար դատավարություններում երկարատև ազատազրկման,

 Գ. քանի որ 2025 թվականի հունվարի 17-ից տասնվեց կալանավորվածներ, այդ թվում` Արցախի/Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդներ, ենթարկվել են անարդար դատավարությունների՝ թափանցիկության և պատշաճ գործընթացի բացակայությամբ,

 Դ. քանի որ բարերար Ռուբեն Վարդանյանը, որը բանտարկված է 2023 թվականի սեպտեմբերից, 2025 թվականի փետրվարի 19-ին սկսել է հացադուլ՝ ի բողոք իր անօրինական կալանման և դատավարության,

 Ե. քանի որ մի շարք զեկույցներ բացահայտում են Ադրբեջանի իշխանությունների գործողություններ, որոնք կազմում են միջազգային իրավունքի լուրջ խախտումներ, այդ թվում Ժնևի կոնվենցիայի (III),

 1.Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անարդար կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը և անարդար դատավարությունները և պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը,

 2.Լուրջ մտահոգություն է հայտնում խոշտանգումների և վատ վերաբերմունքի հաղորդված դեպքերի կապակցությամբ և կոչ է անում անկախ քննություն իրականացնել այդ խախտումների վերաբերյալ,

 3.Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հետևել իրենց միջազգային պարտավորություններին, այդ թվում Ժնևի կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային,

 4.Խնդրում է ԵՄ-ին և միջազգային կազմակերպություններին աջակցել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը՝ կալանավորված անձանց բարեկեցությունը գնահատելու համար,

 5.Շեշտում է հայ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման, նրանց պաշտպանության և նրանց հանդեպ վատ վերաբերմունքի համար պատասխանատուների հաշվետվողականության ապահովման նպատակով դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը,

 6.Կոչ է անում Խորհրդին նպատակային պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղայևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզայևի,

 7.Խստորեն դատապարտում է ՄԱԿ-ի մարմինների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու Ադրբեջանի կառավարության որոշումը, որը լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և մոնիթորինգի մեխանիզմներին,

 8.Կոչ է անում Միջազգային քրեական դատարանին և նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման, հետապնդման և էթնիկ զտումների դեպքերը,

 9.Ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է Ադրբեջանում անօրինական կալանավորված բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների անվերապահ ազատ արձակումը և անվտանգ վերադարձը,

 10.Հանձնարարում է իր նախագահին սույն բանաձևը փոխանցել Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Միության բարձր ներկայացուցչին, անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31