Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ մարդուն նախապես «պատժում» են, զրկում են իր միջոցները տնօրինելու հնարավորությունից, այդ միջոցներով պետությունը լցնում է բյուջեն, հետո մի քանի տարի անց դատարանը որոշում է, որ ակտը սխալ էր. Էլինար Վարդանյան

Մարտ 12,2025 12:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պատերազմ բիզնեսի և քաղաքացու դեմ

Կառավարությունը ներկայացրել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերջին օրերին արդարացիորեն առաջացրել է իշխանության բնորոշմամբ «հերոս» (որովհետև մենք հարկատու ենք) և «տուգանքի մատերիալ չհանդիսացող» քաղաքացիների վրդովմունքը։ Քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, ուզում եմ շեշտել. սա բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման, բիզնես միջավայրի այլանդակման և տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի վատթարացման։

Նախագծի համաձայն, եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ է կայացվում, ապա դրա վիճարկումը չի կասեցնում տուգանքի վճարումը։ Յուրաքանչյուր դեպքով պետք է ներկայացվի և դատարանի կողմից քննության առարկա դառնա հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտության, դրա վերացման կամ բողոքարկման հարցերը: Արդյունքում՝

  • Եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ կայացվում է վարչական ակտ և դատարանը հայցի ապահովման միջոց չի կիրառում, ապա վիճարկումը չի կասեցնում վճարումը։ Սա բերելու է բիզնեսի կոլապսի։
  • Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը միջինում տևում է երկուսից երեք տարի, հետևաբար հայցի ապահովման մերժման դեպքում քաղաքացին կամ տնտեսվարողը տևական ժամանակով զրկվելու են տուգանքի չափով իրենց միջոցները տնօրինելու, եկամուտ ստանալու կամ ընդհանրապես աշխատելու հնարավորությունից։
  • Նախագծով կտրուկ ծանրաբեռնվելու են վարչական դատարանները, որոնք  առանց այդ էլ աշխատում են գերծանրաբեռնվածությամբ՝ միայն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ 2023թ. վարչական դատարանին նախորդ տարվանից փոխանցվել է 5808 վարչական գործ, ստացվել է ևս 9815-ը, իսկ 2024թ.-ին 2023-ից փոխանցվել է 7239 վարչական գործ, ստացվել ևս 17848-ը։
  • Գործարարները նշում են, որ ՊԵԿ–ի դեմ ներկայացվող վիճարկման հայցերով գրեթե 80 տոկոս գործերում դատարանը բավարարում է ներկայացված հայցերը։ Ստացվում է, որ եթե հայցի ապահովման միջոց չկիրառվի, ապա տնտեսվարողը մի քանի տարի զրկվում է իր միջոցները տնօրինելու հնարավորությունից։
  • Նախագծի իրական հիմնավորումն առկա չէ, թեև բոլորը շատ լավ հասկանում են, թե պրակտիկորեն ինչի համար է արվում այս փոփոխությունը։
  • Առաջարկվող փոփոխությունները էականորեն նվազեցնելու են վարչական դատարաններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունները՝ հատկապես վարչական ակտերի վիճարկման գործընթացում:
  • Եթե նպատակն իսկապես լիներ բոլորի համար միատեսակ մոտեցման կիրառումը, ապա պետք է սահմանվեր կարգավորում, համաձայն որի, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը վիճարկում է հանրային իշխանության մարմնի վարչական ակտը, դատարանում հայցի ընդունումը, եզակի բացառություններով, ինքնըստինքյան բավարար հիմք պետք է դառնար վիճարկվող վարչական ակտը կասեցնելու համար:

Արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը կրկին հաստատեց մարդկանց մտահոգությունը՝ բառացիորեն նշելով, որ հայցվորը իր հայցադիմումին կից պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի և եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը հետ ստանալու համար:

Ստացվում է՝ մարդուն նախապես «պատժում» են, զրկում են իր միջոցները տնօրինելու հնարավորությունից, այդ միջոցներով պետությունը լցնում է բյուջեն, հետո մի քանի տարի անց դատարանը որոշում է, որ ակտը սխալ էր, և վերականգնվում է «արդարությունը»։ Եվ սա վերաբերելու է բոլորին, սկսած երթևեկության խախտումների համար կայացրած մի քանի տասնյակ հազարանոց ակտերից մինչև ՊԵԿ՝ մի քանի հարյուր միլիոնանոց ակտերը։ Այսպիսի աբսուրդ իրականությունում ենք մենք ապրում։

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31