Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ պետական միջոցների յուրացման գործով, հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Mtavari Arkhi հեռուստաալիքին։
««Բաճկոնների» գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման»,- պարզաբանել է հեռուստաընկերությունը։
Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին պետական միջոցների յուրացման մեջ։ Մեղադրող կողմը պնդում է, որ իր նախագահության տարիներին քաղաքական գործիչը պետական միջոցներով գնել է բաճկոններ և վերարկուներ, վճարել որդու ուսման ծախսերը, կոսմետիկ միջամտություններ կատարել, թանկարժեք մեքենաներ և ինքնաթիռներ վարձել, ձեռքի ժամացույց գնել։ Խոսքն ավելի քան 3,2 մլն դոլարի յուրացման մասին է։
Պատիժը կայացրել է դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։ Գործին առնչվել է նաև պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան։ Հեռուստաընկերության տվյալներով՝ դատարանը նրան տուգանել է 300 հազար լարիով (մոտ 100 հազար դոլար)։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ուկրաինայից վերադառնալուց հետո։
Նախկին նախագահի դեմ հարուցված է հինգ քրեական գործ, որոնցից երկուսով նա հեռակա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։
Թբիլիսիի քաղաքային դատարանը ներկայում նրա դեմ 3 գործ է քննում՝ պետական միջոցների յուրացում, 2007 թվականի նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու և սահմանի ապօրինի հատում։ Սահմանի ապօրինի հատման գործով դատավճիռը սպասվում է մարտի 14-ին:
Սաակաշվիլին սոցցանցում իշխանություններին կոչ է արել հետաձգել դատարանի վճռի հրապարակումը։ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը ցանկանում է ներկա գտնվել դատավարությանը։
«Կոչ եմ անում փաստացի իշխանություններին հետաձգել իմ հիվանդության հետ կապված «դատարանի» վճռի հրապարակումը, որը կհաստատեն իմ բժիշկները։ Որովհետև ես ցանկանում եմ ներկա լինել այս հանդիպմանը»,- ասվում է Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության մեջ: