Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարեւաններից ավելի մեծ է։ Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատություն ինդեքս-2025» ամենամյա զեկույցի՝ 2025թ.-ին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021-ի ցուցանիշը։
Նշենք, որ 3 տարի անընդմեջ նվազումից (ընդհանուր՝ 7 միավորով) հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։
Ի դեպ, Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային այդ աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառը կրկին այն է, որ ինդեքսի աճը էապես զիջում է աշխարհի եւ բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։
Բացի Հայաստանից՝ եվրոպական տարածաշրջանի (որում ընդգրկված է նաեւ Հայաստանը) եւս 38 երկրների տնտեսական ազատության ինդեքսն (ՏԱԻ) աճել է, ընդ որում նրանցից 31-ի ՏԱԻ-ի աճն ավելի մեծ է, քան Հայաստանինը։
Իսկ «Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով եւ զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։