ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում հայ ռազմագերիների հարցը համաշխարհային պատմության մակարդակով աննախադեպ է համարում: Նա նկատում է. «Իշխանություններն առհասարակ ինչ-որ մի բան անո՞ւմ են գերիներին վերադարձնելու ուղղությամբ, որ ստացվի կամ չստացվի: Ցանկացած երկրի իշխանություն իր քաղաքացիներին պաշտպանում է մինչեւ վերջ: Նույնիսկ մինչեւ անգամ ռազմական օպերացիաների են անցնում, եթե հարցը չի ստացվում լուծել դիվանագիտական ճանապարհով: Փաստորեն, Հայաստանի իշխանությունն իր բոլոր քաղաքացիներին թողել է անպաշտպան վիճակում: Որեւիցե դեմարշ արե՞լ են Ադրբեջանի դեմ, որեւիցե քայլ արե՞լ են, ես ոչ մի նման բանի մասին չեմ իմացել: Ասեմ ավելին` համաշխարհային պատմության համար սա աննախադեպ պատմական իրադարձություն է: Ես ինչքան որ պատմություն եմ կարդացել, նման դեպք չի եղել աշխարհում ոչ մի տեղ, ոչ մի ժամանակաշրջանում: Աննախադեպ պատմական իրողություն է, երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, մարդիկ, ովքեր ունեցել են որոշիչ դերակատարում երկրի զարգացման, կայացման հարցում, ձերբակալվեն այլ պետության կողմից, դեռ մի բան էլ վարվեն այդ մարդկանց հետ այնպես, ինչպես ուզում են: Մենք գիտենք, որ Ադրբեջանում իսկական դատարան չի կարող լինել, սակայն եթե անգամ ադրբեջանական դատարանը լիներ իսկական, սա մեծ ամոթ է: Սրանով ոչ միայն ՀՀ իշխանություններն են խայտառակվում, այլեւ` ամբողջ հայ ժողովուրդը»:
– Պարոն Մանուկյան, Բաքվում ընթացող դատավարություններին ի՞նչ գնահատական կտաք: Ի՞նչ ընթացք կարող է ստանալ այս ամենը, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն ոչինչ չանել:
– Այս դատավարության մասին իր նամակում շատ կարեւոր բան ասաց Ռուբեն Վարդանյանը, ինչը հասկանալի է բոլորիս համար: Այս դատավարությունը ոչ թե ինչ-որ անձերի դեմ է, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի: Փորձում են հայերի դեմ մինինյուրնբերգյան դատավարություն իրականացնել: «Ֆաշիստ, հանցավոր կազմակերպություն, հանցագործություն մարդկության դեմ»․ այս խոսույթով են հայերի մասին արտահայտվում, այս ամենը փորձելով փաթաթել հայ ժողովրդի գլխին: Ես չեմ կարծում, որ Իլհամ Ալիեւն այս հարցում կարող է մեծ հաջողության հասնել, սակայն բոլոր դեպքերում այս միտումը բավականին վտանգավոր է ոչ միայն այն մարդկանց համար, ովքեր դատվում են այժմ Բաքվում, այլեւ մեր պետության, ամբողջ հայ ժողովրդի համար է խիստ վտանգավոր: Իշխանությունների ուշադրությունը պետք է այստեղ կենտրոնացած լիներ: Պետք է ամեն բան անեն, որ այս դատավարությունը չեղյալ համարվի: Այո, դա կարող է բերել կողմերի միջեւ հարաբերությունների սրացման, բայց պետք է գնալ սրացման, եթե խոսքը քո ղեկավարած պետության եւ ժողովրդի մասին է: Ի դեպ, Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի դեմ դատական հայցերից: Այսինքն` ի՞նչ է ստացվում, որ այս իշխանությունը խաղում է Ադրբեջանի խաղը: Սա շատ լուրջ վտանգներ կարող է պարունակել:
– Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձավ Ռուբեն Վարդանյանին եւ հարց հնչեցրեց` ո՞վ էր նրան ուղարկել Արցախ: Ինչո՞ւ է նման պարզունակ մոտեցմամբ առաջնորդվում երկրի առաջին դեմքը:
Կարդացեք նաև
– Դուք նրան լավ ճանաչում եք, գիտեք նրա գործունեությունը, դա իր մասնագիտությունն է: Նա զբաղված է դրանով: Խուսափում է պատասխանատվությունից…. Անգամ եթե իր թշնամիներն են դատվում Բաքվում, նա պարտավոր է պաշտպանել նրանց: Դրանով նա նախեւառաջ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունն է պաշտպանելու, պաշտպանելու է իր անվտանգությունը: Այն, ինչ նա է անում, անընդունելի է: Բաքվում տեղի ունեցող դատավարությունները շատ վատ հետեւանքներ կարող են թողնել Հայաստանի վրա: Այդ ամենը հանգամանալից պետք է բացատրել մեր ժողովրդին եւ մարդկանց համախմբել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: