«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ պատրաստվում է գնել նոր Tesla ավտոմեքենա՝ աջակցություն ցուցաբերելու էլեկտրամեքենաների արտադրող ընկերության ղեկավար և իր դաշնակից Իլոն Մասկին։ Նրա հայտարարությունը հնչել է Tesla-ի դեմ անցկացվող բողոքի ակցիաների և ընկերության բաժնետոմսերի անկման ֆոնին։
Հայտարարությունից հետո Tesla ընկերության բաժնետոմսերն աճել են մոտ 5%-ով՝ վերջին չորսուկես տարվա ամենամեծ մեկօրյա անկումից հետո:
Tesla-ի դեմ բողոքի ցույցերի պատճառը Մասկի դերն է՝ Թրամփի վարչակազմի հանձնարարությամբ դաշնային աշխատուժի կրճատումների գործընթացում։
Անցյալ շաբաթ մոտ 350 ցուցարար բողոքի ակցիա է անցկացրել Օրեգոնի Փորթլենդ քաղաքում՝ Tesla-ի ավտոսրահի առջև, իսկ մարտի սկզբին Նյու Յորքում Tesla-ի ներկայացուցչության դիմաց անցկացված ցույցի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ։
Կարդացեք նաև
Մասկը ներկայում գլխավորում է Թրամփի վարչակազմի «Կառավարության արդյունավետության դեպարտամենտը» (DOGE)։
«Truth Social» հարթակում հրապարակած գրառման մեջ Թրամփը պաշտպանել էր Մասկին՝ նշելով, որ նա «անձնվիրաբար օգնում է երկրին» և «ֆանտաստիկ» աշխատանք է կատարում։
«Վաղն առավոտյան պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Tesla՝ որպես վստահության և աջակցության նշան Իլոն Մասկին՝ իսկապես հիասքանչ ամերիկացուն», — գրել էր Թրամփը։
Ի պատասխան՝ Մասկը շնորհակալություն էր հայտնել Թրամփին «X» սոցիալական հարթակում։
Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը երեքշաբթի հանդիպել են Սպիտակ տանը՝ նախագահի նոր Tesla-ն ընտրելու համար: Նա նաև հայտնել է, որ այսուհետ Tesla ընկերության նկատմամբ վանդալիզմը կհամարվի ներքին ահաբեկչություն:
Երեքշաբթի նա Tesla-ի գործադիր տնօրենի հետ միասին Սպիտակ տան առջևում ընտրել է իր նոր Tesla-ի Model S մակնիշի կարմիր մեքենան: Մեքենան փորձարկելուց հետո, նախագահը նշել է, որ պատրաստվում է միանգամից վճարել մեքենայի ամբողջական գինը, որը հիմնականում վաճառվում է մոտ 80,000 դոլարով:
Նախագահի այս քայլն աջակցության մեծ նշան է իր ամենահզոր խորհրդականի համար: