Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եմ ապրել, ինչպես… Հայաստանում

Մարտ 12,2025 10:00

Մի քանի տարի առաջ հարց էի տվել՝ ինչո՞վ է Բայդենին երկրպագելն ավելի լավ, քան Պուտինին: Երիտասարդ գործընկերներիցս մեկը դրան պատասխանել էր՝ տարբերությունն այն է, որ Պուտինը տանում է դեպի բռնապետություն եւ գաղութացում, իսկ Բայդենը՝ դեպի ազատություն եւ զարգացում: Այդ տեսակետի մեջ ոչ մի արտառոց բան չկա՝ ես էլ էի 10 տարի առաջ այդպես մտածում: Իսկ վերջին տարիներին համոզվեցի, որ ոչ ոք ոչ մեկին ոչ մի տեղ «չի տանում»: Բոլորը գնում են իրենց ճանապարհով՝ իհարկե, այս կամ այն ժամանակահատվածում ունենալով ժամանակավոր դաշնակիցներ: Թե որքան ժամանակավոր են այդ դաշնակիցները, համոզվեցինք մենք՝ 2020-2023 թվականներին, իսկ հիմա համոզվում են ուկրաինացիները: Արդյոք կարելի՞ է ասել, որ ռուսները՝ մեզ, իսկ ԱՄՆ-ը՝ ուկրաինացիներին «ինչ-որ տեղ էին տանում»: Ոչ, մենք էինք գնում:

Պե՞տք են արդյոք ուղենիշներ՝ որեւէ տեղ գնալու համար: Արժեքային առումով, անշուշտ, պետք են: Օրինակ, ես ուզում եմ, որ Հայաստանը լինի հանրապետություն: Մինչդեռ կառավարման համակարգը Հայաստանում միապետական էր եղել առաջ եւ այդպիսին է հիմա: (Երբեմն թյուրիմացաբար կարծում են, որ միապետության ժամանակ իշխանությունը կարող է ձեւավորվել միայն ժառանգական կարգով: Ոչ, պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ միապետերն ընտրվել են: Միապետությունը մեկ մարդու իշխանություն է, ինչի հետ գործ ունենք այսօրվա Հայաստանում):

Բայց ուղենիշներ՝ որպես կոնկրետ երկրների կամ տարածաշրջանների օրինակներ, գոյություն չունեն: ՌԴ Պետդումայի 1999 թվականի ընտրություններին մասնակցում էր «Աջ ուժերի դաշինքը», որի կարգախոսն էր՝ «Ուզո՞ւմ ես ապրել՝ ինչպես Եվրոպայում: Ուրեմն ձայն տուր մեզ»: Մնում էր պարզել, թե ինչ է նշանակում «ինչպես Եվրոպայում»՝ բնութագրիչները չափազանց տարբեր են:

Շատերը Հայաստանում նույնպես մտքի մեջ ունեն ինչ-որ մի «օրինակելի» երկիր: Հասկանալի է, որ այդ նախընտրելի երկրների ցանկում հիմնականում Արեւմտյան Եվրոպայի երկրներն են կամ ԱՄՆ-ը: Չեմ լսել, որ որեւէ մեկն ասի՝ «ուզում եմ ապրել, ինչպես Սինգապուրում, Քաթարում, Էմիրություններում կամ Բրունեյում», որքան էլ դրանք հարուստ երկրներ լինեն: Իսկ ի՞նչ է նշանակում՝ ուզում եմ ապրել, ինչպես ԱՄՆ-ում: Թրամփի նման նախագա՞հ ունենալ: Կամ՝ գուցե սպասվող համաշխարհային նոր կատակլիզմներից հեռու մնալու համար ուզենանք ապրել «ինչպես Նոր Զելանդիայո՞ւմ»: Չգիտեմ, ում համար ինչպես, բայց ինձ դա բացարձակապես հետաքրքիր չի:

Հայաստանում հնարավոր է ապրել միայն… ինչպես Հայաստանում՝ մեր թերություններով, մեր առավելություններով: Եթե ուզում եք՝ մեր խաչով:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ 2013 թվականի նոյեմբեր. Ուկրաինայում զանգվածային ցույցեր են տեղի ունենում եվրաինտեգրման գործընթացի կասեցման դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Հիանալի վերլուծություն, կարծում եմ շատ չեն լինի ձեր հետ համաձայնվողները, որովհետև, ցավոք, ծայրահեղությունն մեզ շատ է բնորոշ, սակայն համոզված եմ, որ ուշ թե շուտ հենց նման մտածելակերպ կրողներն են Հայաստանում թելադրող լինելու և ոըզենալու ապրել ինչպես Հայաստանում

  2. Հ.Շ. says:

    ԱՄՆ-ն՝ ՀՀ-ն կը տանէր դէպի «ազատություն եւ զարգացում», եթէ զայն չլքէր՝ բռնատէր Պուտինին: Զայն գործածելով միայն՝ սոյն Պուտինը տկարացնելու համար: Ապա, քամուած կիտրոնի կեղեւի նման, զայն իրմէ հեռու շպրտելով:

    Խնդիրը այդ չէր, երբեք: Խնդիրը այն է որ, նշանակալից թիւով հայերը ասիկա հասկացան միայն՝ 2020ի Նոյեմբերին: Մինչ, այդ բոլոր, նոյները, մեծ խանդավառութեամբ դիմաւորեցին Հայաստանեան Գարունը, ՀՀի Գունաւոր Յեղափոխութիւնը:
     
    Իսկ այդ օրերուն՝ չէզոք մնացողի ուղեղին մէջ ալ, փաստօրէն, վերեւի ըմբռնողութիւնը տակաւին հաստատուած չէր:
     
    Ամենայն յարգանքով, որպէս ձեր սիւնակի կանոնաւոր ընթերցող մը, ես կը կարծեմ թէ 10 տարի առաջ չէ, որ այդ միւս կերպով էիք մտածում: Այլ տակաւին վեց տարիներ առաջ իսկ…
     
    Կոյր, միամիտ արեւմտամէտ չէիք, ոչ: Սակայն կը կարծէիք թէ ՀՀի համար հնարաւոր էր՝ երկու թելերի վրայ պարել:

    Եւ եթէ ձեզի պէս անձ մը իսկ, այդպէս՝ Աղէտէն ետք միայն լրիւ հասկացաւ տուեալ իրականութիւնը, ինչպէ՞ս այպանենք Պողոսներին, Մողոսներին…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31