Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու անուն են տվել երկու ամսվա ընթացքում, իբր կաշառքի գումար են տվել»

Մարտ 12,2025 13:30

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներում նշել է, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական վերահսկում միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Իսկ Վճռաբեկ դատարանն իր դատական նախադեպերը վկայակոչելով արձանագրել էր, որ անձի իրավունքների նկատմամբ միջամտության անհրաժեշտությունը պետք է դիտարկել ոչ թե ձեւական, այլ՝ բովանդակային տեսանկյունից:

Առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության կողմից դատարան ներկայացված նյութերում առկա են բավարար տեղեկություններ ենթադրելու համար, որ Շիրակի մարզի տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքներում թերությունները «ջրելու», չնկատելու համար անձը յուրաքանչյուր ընկերությունից մեկ մլիլիոն դրամի չափով կաշառքի գումար է պահանջել եւ՝ ստացել, ավարտական ակտերը կնքելու համար:

Հատուկ վերանայման բողոքով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ դիմած ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը հայտնել էր, որ վերաքննիչ քրեական դատարանն անձին երկու ամսով տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում», «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն չի տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությանը, փաստելով, թե հնարավոր չի եղել բավարար չափով հաստատել կամ հերքել ստացված օպերատիվ տեղեկությունները:

Հնարավոր հանցագործը օգտվել է հեռախոսային ծառայություններից…

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ենթադրյալ ծանր հանցագործություն կատարած անձին հանցանքի կատարման պահին եւ վայրում բացահայտելու համար անհրաժեշտ է հեռախոսային վերահսկում, քանի որ հանրային շահը գերակայում է մասնավոր շահի՝ այդ թվում նաեւ անձնական կյանքի գաղտնիության նկատմամբ, բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը:

Վերաքննիչ դատարանն անցած տարվա ապրիլին բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, հետեւյալ պատճառաբանությամբ. «Փաստացի ներկայացվել է նույն բովանդակությունը պարունակող տարբեր վերտառություն ունեցող փաստաթղթեր՝ …բոլոր փաստաթղթերը նույնաբովանդակ են, պարունակում են նույն ձեւակերպումները, որեւէ նոր տվյալ չի պարունակվում:

Երկու անվան տվյալ է ավելացել, այն էլ՝ ոչ ամբողջական, երկու ամսվա ընթացքում, իբրեւ թե կաշառքի գումարներ են տվել, ավելին, որեւէ գումարի չափ կամ ամբողջական տեղեկատվություն նշված արձանագրությունում առկա չի եղել»:

Վերաքննիչ դատարանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ «օպերատիվ միջոցառումների իրականացումը չի դադարեցվել, ավելին՝ մեկնաբանվել է, որ այլ միջոց առկա չէ, անհրաժեշտ է շարունակել դրանց իրականացումը»: Օպերատիվնիկներն առարկել են, թե ավել տվյալի դեպքում կարող է բացահայտվել օպերատիվ ծառայության աշխատակիցների ինքնությունը, ինչը վերաքննիչ դատարանի համար ընդունելի դիտարկում չի եղել: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերաքննիչ դատարանի հետեւությունները, որոշումը բեկանելը հիմնավոր չէր: Մարտի 4-ին Վճռաբեկ դատարանը «մեղադրեց» վերաքննիչ դատարանին, թե թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա: Այսինքն, առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի անցած տարվա ապրիլյան որոշումը, համարյա մեկ տարի հետո…օրինական ուժ տալով 2023 թվականի առաջին ատյանի դատարանի որոշմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31