Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժանտախտ եւ խոլերա»

Մարտ 12,2025 12:30

Ցեղասպանության ականատես, արծկեցի վերապրող Ալեքսան Խլոյանի հուշերից

Չկար մի բակ, մի տուն, մի ծառ, որի ստվերում չլիներ մի քանի գաղթական հայ ընտանիք: Ճեմարանի, Հռիփսիմեի, Գայանեի, Էջմիածնի վանքերի շուրջ՝ անտառի մեջ, մի ամբողջ երկրամասի ժողովուրդ, հոգնած ճանապարհներից, հազար ու մի զրկանքներ տեսած, հավաքվել էր Էջմիածնում: Բացօթյա այրող շոգի տակ սկսեց սեւ ցավը՝ ժանտախտն ու խոլերան: Օրվա մեռածներին հաշիվ չկար:

Էջմիածնի անտառում, որը գտնվում է լճից ներքեւ, վարձված հատուկ մարդիկ տասը մետր խորությամբ փոսեր էին փորում: Օրվա մեռածներին թաղում էին այդ փոսերում: Մեր որբ, փոքրիկ Սեւգյուլը նույնպես մեռավ Էջմիածնում: Երեք բեռնասայլեր լծած, առավոտվանից մինչեւ մայրամուտ, դիակներ էին կրում դեպի պատրաստի փոսերը: Այն ժամանակ ավտոներ չկային, եթե կային էլ, ապա շատ աննշան:

Էջմիածնի կաթողիկոսը դիմել էր Երեւանի կուսակալին (գուբերնատրին՝ նահանգապետին), որ կարգադրություն անի շրջակա գավառապետներին, գյուղերից տրանսպորտը հանելու եւ գաղթականությանը լեռնային շրջաններ փոխադրելու համար: Մեր մեջ երեւացին ցուցակագրողներ՝ կարգադրիչներ եւ խմբերով փոխադրեցին Ալեքպոլի, Փամբակի, Ղարաքիլիսայի, Ղազախի, Գանձակի կողմերը: Զանգիբասարի բեռնասայլերով, Սեթոյի ղեկավարությամբ, ալջավացիներիս, փոխադրեցին Դիլիջան: Քիչ չեղավ նաեւ ճանապարհին մեռնողների քանակը, մանավանդ, մի քանի օր մնացինք գյուղից դուրս, մեզ համար պատրաստված վրանների մեջ: Դիլիջան հասանք: Մեզ տեղավորեցին դատարկ զորանոցներում: Բայց նաեւ Դիլիջան բերեցին ուրիշ շատ գաղթականների, որոնց մի մասին տեղավորեցին շրջակա գյուղերում, մյուս մասին ուղարկեցին Գանձակ:

Բացվեցին հիվանդանոց եւ զանազան հաստատություններ՝ ապրելու համար:

Ռուսաստանում այն ժամանակ գոյություն ուներ մի միություն, որ կոչվում էր Քաղաքային Կարմիր Խաչի միություն: Շատ լավ էին պահում մեզ: Քիչ չէր հիվանդների քանակը: Իմ հորեղբոր տղան՝ Մուրադը մահացավ հիվանդանոցում:

Դիլիջանում զանազան կողմերի որբեր հավաքվեցին: Տասնութ որբանոց բացվեց եւ երկու հիվանդանոց: Դիլիջանը դարձավ գաղթականների քաղաք: Բացվեցին զանազան արհեստանոցներ որբերի համար, հիմնարկություններ եւ ձեռնարկություններ: Հարյուրավոր դիլիջանցիներ մտան ծառայության այդ նոր բացված հինարկներում: Բացվեցին դպրոցներ:

Հայրս քրոջս՝ Ռեհանին եւ եղբորս՝ Ղազարին որբանոց տվեց, մտածելով մայր չունենք, այնտեղ ավելի լավ կլինի նրանց համար: Ռուսական զորքերը մինչեւ Խորգով հասնելը նոր օժանդակ ուժեր ընդունելով, փշրելով թուրքական դիմադրությունը, գրավում էին իրենց թողած վայրերը: Չնայած հետ վերադարձողներ շատ կային, բայց մենք նորից ոտք չդրեցինք այդ արյունոտ հողի վրա:

Տաճկահայաստանից գաղթեցինք 1915 թվականին: Իսկ երկու տարի հետո եղավ ռուսական պետական հեղաշրջում, ռուսաց թագավորին գահընկեց արեցին: Տաճկահայաստանում եղած ռուսական բանակները, լքելով ռազմաճակատը, թողնելով իրենց գրաված տարածությունները, վերադարձան Ռուսաստան: Այստեղ առաջ եկան իրար հակադիր կուսակցություներ, որոնք կռվում էին իրար դեմ: Դա 1918 թվականն էր:

Միայն հայկական զորամասերը դեռ պաշտպանում էին ռուսաց կողմից գրավված վայրերը: Թուրքերը՝ տաճկական պետությունը, օգտվելով Ռուսաստանի այդպիսի դրությունից, շարժվեցին դեպի Կովկաս: Մի բուռ հայեր, չկարողանալով պաշտպանել այդ տեղամասերը, հետ էին նահանջում: Այդ ժամանակ հայկական իշխանությունը հայտարարեց ընդհանուր զորահավաք, ես էլ ընկա այդ հավաքի մեջ: 18 տարեկան էի, մեզ տարան որպես օժանդակ ուժեր, կռվող հայկական զորամասերին: Մենք հասանք մինչեւ Ղարս, սակայն չկարողանալով դիմադրել տաճկական գերազանց ուժերին, սկսեցինք նահանջել, թողնելով Սարիղամիշը, Ղարսը, Ալեքպոլը: Ալեքպոլում եւ Շիրակում թուրքերը չտեսնված գազանություններ կատարեցին հայերի նկատմամբ: Փամբակի Ղարաքիլիսայում տասնվեց հազար հայ սպանեցին:

Թուրքական բանակները Դիլիջանի ձորերով շարժվեցին դեպի Բաքու եւ այնտեղ 60 000 հայ կոտորեցին: Կարծես թե դեռ չէին կշտացել: Տաճկահայաստանում թափած արյունով, որի պակասը լրացրեցին Կովկասի հայերի արյունով: Մնացած հայերի կյանքը փրկվեց այն ժամանակ, երբ խորհրդային զորքերը գրավեցին Հայաստանը, եւ հայ ժողովուրդն ազատվեց գազան թուրքերի բնաջնջումից, գտավ փրկություն: Իսկ թուրքական ստոր հրոսակները զանազան ճանապարհներով հետ նահանջեցին՝ իրենց ձեռքում պահելով Իգդիրը, Ղարսը, Սարիղամիշը:

Քույրս ամուսնացավ Դիլիջանում, եղբայրս՝ Ղազարը, եւս բնակություն հաստատեց Դիլիջանում: Ես ամուսնացա: Ունեցա մի աղջիկ եւ մի տղա: Երեխաներս մահացան, հետո էլ կինս: Շատ թափառական կյանք վարելուց հետո նորից ամուսնացա: Ունեցա երկու տղա, երեք աղջիկ:

Որ շրջանում որ հացի գները թեկուզ մի քանի ռուբլով պակաս էր լինում, այդ շրջան էի փոխադրվում, մի կտոր սեւ հաց ճարելու համար: Դժվար էին, շատ դժվար մեր անցկացրած օրերը: Ամեն տեղ սով էր եւ աղքատություն: Չունեինք տուն, հող, սեփականություն, թափառում էինք շրջանից շրջան, վայրից վայր: Նորից մի կտոր սեւ հացի համար:

Ապրեցի այնպես, ինչպես բոլորը…

«Արծկեի փրկված հայ բեկորը» գրքից (Աշխատասիրությամբ եւ մշակմամբ Մ. Քեշիշյանի)

«Առավոտ» օրաթերթ
11.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31