Լրահոս
Օրվա լրահոսը

Պետություն՝ զրո դիմադրողականությամբ եւ ազատ անկման մեջ

Մարտ 12,2025 12:00

Հայաստանի իշխանությունների կողմից Բաքվի բոլոր պահանջները պաշտոնական Երեւանի «խաղաղության օրակարգի» կետեր դարձնելու քաղաքական գծի ծանր հետեւանքները

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները, հայտարարել է, թե այս գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ: Ըստ Հաջիեւի՝ Երեւանում այդ դատավարության դեմ, որ ընթանում է անկախ իրավապաշտպանների ու ազատ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, «քարոզչական արշավ է սկսվել», ինչը նա անվանել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կճանաչի իր «պատասխանատվությունն այս համատեքստում կատարված ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների եւ այլ ծանր հանցագործությունների համար»:

«Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը: Խաղաղության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը եւ հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ», – գրել է Ալիեւի խորհրդականը X-ում:

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների ու մյուս 7 հայ գերիների նկատմամբ դատավարությունը: Ադրբեջանն, ինչպես հայտնի է, Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել: Ադրբեջանական բանտերում, պաշտոնական տվյալներով, 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետեւանքով գերեվարված 16 անձինք։

Այսպես, Բաքուն Հայաստանին նոր պահանջ է ներկայացնում` հանձնել «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին», որոնք, ըստ նրանց` «թաքնվում» են Հայաստանում: Բնականաբար, սրանով «ստուգվում» է Հայաստանի իշխանության արդարության եւ խաղաղության հասնելու անկեղծ մղումը: Ադրբեջանցի պաշտոնյան անուններ չի տվել: Բայց ըստ ադրբեջանական կողմի, «հանցագործությունների» մեջ են մեղադրվում` Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը, Մանվել Գրիգորյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը, եւ ուրիշներ։

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Արցախի ռազմական-քաղաքական գործիչների դեմ շինծու գործերը դատարան ուղարկելու ժամանակ, կոչ էր արել նաեւ Հայաստանի Հանրապետությանը՝ համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ։ Սրանով, Բաքուն Հայաստանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին է փորձում ներքաշել Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությանը՝ նրանց մեղադրելով ամենատարբեր հանցագործությունների համար:

Դատավարական կոպտագույն խախտումներով, խոշտանգման աղաղակող նշաններով ընթացող շինծու դատավարություններ նախաձեռնած Ադրբեջանը համարում է, որ իրավական ու բարոյական իրավունք ունեն համագործակցության նման կոչով դիմելու Երեւանին։

Սա կատարվում է մի պետության կողմից, որը Ղարաբաղյան երկու պատերազմներն է սկսել, պատերազմական հանցագործություններ է գործել, մասնավորապես` ֆոսֆորային զենքեր է կիրառել Արցախում, արցախահայությանը պահել է շրջափակման մեջ, ի վերջո` Արցախը հայաթափել:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն անցյալ շաբաթ Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ էր փոխանցել: Նա բացատրել էր ադրբեջանական բանտարկության մեջ արդեն երկրորդ անգամ հացադուլ անելու շարժառիթը, ընդգծել, որ բողոքի այդ ծայրահեղ քայլին է գնում ոչ թե մեկուսարանի պայմանների կամ իր վիճակի պատճառով, այլ բողոքում է դատական պրոցեսի դեմ: Դատաքննության մեկնարկից ի վեր Վարդանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների, կեղծված ապացույցների մասին:

Արցախի նախկին պետնախարարը շնորհակալություն է հայտնել՝ մտքերով, աղոթքներով, նամակներով իրեն աջակցելու, այնտեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: «Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք», – շեշտել էր Վարդանյանը։

Նա ասել է, որ հացադուլը պայմանավորված չէ իր վիճակով կամ մեկուսարանում իր պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ հացադուլի մեջ էր: Ուղերձում Վարդանյանը հայտարարել է՝ իրեն 1987-ից սկսած իրադարձությունների մեղադրանքներ են վերագրվում, պատրաստ է կրել ամենածանր պատիժը, բայց պատրանք է որակել կարծիքը, որ դրանից հետո խաղաղություն է հաստատվելու:

«Սա… բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը: Ես գիտակցել եմ՝ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է: Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրեք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից», – հայտարարել է Վարդանյանը՝ կոչ անելով Բաքվին՝ չխախտել սեփական օրենքներն ու ընթացակարգերը:

«Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ՞ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձրեք ձեւական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ, – ասել է Արցախի նախկին պետնախարարն՝ ընդգծելով,- դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի»:

Ռուբեն Վարդանյանը գերեվարվեց 2023-ի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետից։ Բաքուն նրան մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար, ինչպես նաեւ արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձեւակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։

Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Բաքվի բանտից Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս Վարդանյանը բացառապես Արցախ տեղանունն է օգտագործել, անուղղակի, բայց նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին անդրադարձել. «Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները եւ նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարեւանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել»:

Ռուբեն Վարդանյանն իր ուղերձում որեւէ ակնարկ չէր արել հացադուլը դադարեցնելու մասին: Վերջին դատական նիստից տարածված լուսանկարներում նա ակնհայտ հյուծված տեսք ուներ, իսկ դրանից առաջ էլ դեմքին առերեւույթ կապտուկներ ու վերք կար: Բաքվի ռազմական դատարանում Վարդանյանի գործով հաջորդ նիստը մարտի 11-ին է նշանակված:

Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետն ու իշխանությունը մի շարք տարրական քայլեր անգամ չեն ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների համար:

Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր Ջարեդ Գենսերը, որը պաշտպանել է տասնյակ քաղբանտարկյալների շահերը ամենաբռնապետական երկրներում, այդ թվում՝ Մյանմայում ընդդիմության առաջնորդին, հարավաֆրիկացի հայտնի քաղաքական ակտիվիստ եւ արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուին, նաեւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելին ու Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին, իր փորձը մեջբերելով X-ի էջում գրել է. «Փաշինյանը կարող է անել մի շարք քայլեր»։ «Առաջարկածս գործողությունների ցանկը բխում է այլ երկրներում պահվող պատանդների իրավունքների պաշտպանության իմ 25 տարվա աշխատանքի փորձից, երբ տեսել եմ, թե ինչ եւ ինչպես են այլ երկրների կառավարություններն արել իրենց պատանդներին ազատ արձակելու համար: Չէ՞ որ հայ պատանդները, անշուշտ, արժանի են գոնե նույն օգնությանը, ինչ մյուս կառավարությունների դեպքում է եղել», – նշել էր նա:

Ջարեդ Գենսերն առաջարկել էր՝ Հայաստանի կառավարությունը հայտարարություններով շեշտի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների եւ գերիների ազատ արձակումը առաջնահերթ խնդիր է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ նրանք պետք է անհապաղ եւ անվերապահ ազատ արձակվեն. «Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրավիրել՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագույն լրատվամիջոցներից մեկում հոդված հրապարակել, հանդես գալ բոլոր այն դեպքերում, երբ կարեւոր զարգացումներ են լինում»:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջերս նշել էր, թե ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլեւ ՀՀ պետական շահերի եւ քաղաքացիների շահերի վրա: Ավելի վաղ, Փաշինյանը հարցազրույցում նշել էր, թե հայերի նկատմամբ արգելված միջոցներ են կիրառվում, որպեսզի ցուցմունքներ կորզեն՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար:

Անցյալ շաբաթ, Փաշինյանը խորհրդարանում իշխող կուսակցության վարչության անդամների, իշխող խմբակցության ու կառավարության անդամների հետ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն էր քննարկում: Հաղորդագրությունից պարզ չէր՝ կոնկրետ ինչ են քննարկել՝ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները, թե նաեւ հայ ռազմագերիների հարցը:

Հայաստանի իշխանությունների կողմից Բաքվի բոլոր պահանջները պաշտոնական Երեւանի «խաղաղության օրակարգի» կետեր դարձնելու քաղաքական գիծը տալիս է իր «պտուղները»: Բաքուն ուղղակի բռնել է Հայաստան պետության ոչնչացման քաղաքականություն` բոլոր հնարավոր միջոցներով ու գործիքներով: Այս գիծը դադարեցնելու ուղղությամբ ոչինչ չի արվում:

Բանակցությունները Բաքվի հետ դադարեցնելն, իհարկե, կնշանակի Բաքվի կողմից ընդդեմ Հայաստանի ռազմական գործողություններ սկսելու «առիթ» ու «հրավեր»: Սա պարզ է ու տրամաբանական: Ի վերջո, բանակցելն ավելի լավ է, քան` պատերազմելը: Սակայն, Հայաստանի իշխանությունը բանակցելով հանդերձ ունի գործիքակազմ, որից պարտավոր է օգտվել:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31