«Ամերիկայի ձայն». Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Կիևը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին՝ հաստատելու 30-օրյա անհապաղ և ժամանակավոր հրադադար:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Այսօր Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հյուրընկալությամբ, ԱՄՆ-ն ու Ուկրաինան կարևոր քայլեր ձեռնարկեցին Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։
Երկու երկրների ներկայացուցիչները ընդգծեցին ուկրաինացի ժողովրդի արիությունն իրենց հայրենիքի պաշտպանության գործում և համաձայնեցին, որ այժմ ժամանակն է սկսել երկարատև խաղաղության հաստատման գործընթացը։
Կարդացեք նաև
Ուկրաինական պատվիրակությունն իր խորին երախտագիտությունն արտահայտեց նախագահ Թրամփին, ԱՄՆ Կոնգրեսին և ամերիկացի ժողովրդին՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։
Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ հաստատելու 30-օրյա անհապաղ և ժամանակավոր հրադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ և կկիրառվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը նույնպես ընդունի և կատարի համապատասխան քայլերը։ ԱՄՆ-ն իր հերթին կփոխանցի Ռուսաստանին, որ խաղաղության հաստատման համար վճռորոշ են փոխադարձ գործողությունները։
Միացյալ Նահանգները անհապաղ կվերականգնի հետախուզական տվյալների փոխանակումը և կվերսկսի անվտանգության աջակցության տրամադրումը Ուկրաինային։
Պատվիրակությունները քննարկեցին նաև խաղաղության գործընթացի շրջանակներում մարդասիրական օգնության կարևորությունը՝ հատկապես հրադադարի ընթացքում։ Դրանք ներառում են ռազմագերիների փոխանակումը, քաղաքացիական ձերբակալվածների ազատումը և բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը։
Երկու կողմերն էլ համաձայնեցին նշանակել բանակցային թիմեր և անհապաղ սկսել բանակցությունները՝ Ուկրաինայի երկարատև անվտանգության ապահովմամբ կայուն խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ-ն պարտավորվում է այս առաջարկները քննարկել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի պատվիրակությունը վերահաստատեց, որ խաղաղության գործընթացում պետք է ներգրավվեն նաև եվրոպացի գործընկերները։
Վերջում երկու երկրների նախագահները համաձայնեցին հնարավորինս արագ ստորագրել համապարփակ համաձայնագիր՝ Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ։ Սա կօգնի ընդլայնել Ուկրաինայի տնտեսությունը, փոխհատուցել ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը և երաշխավորել Ուկրաինայի երկարաժամկետ բարօրությունն ու անվտանգությունը», – նշված է հայտարարության տեքստում։