Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. «Շատ բացառիկ է, որ Հայաստանում կինն է հացադուլ հայտարարում, բացառիկ է, որ միաժամանակ չորս տարբեր մարդիկ տարբեր տեղերում հացադուլ են հայտարարել նույն խնդրով»

Մարտ 11,2025 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եկել եմ զորակցությունս հայտնելու իմ գործընկերոջը, որովհետեւ նա շատ ծայրահեղ քայլի է գնացել՝ ունենալով առողջական խնդիր եւ ծայրահեղ քայլի ֆիզիկապես ոչ այնքան պատրաստ լինելով: Նա գնում է շատ դժվար ճանապարհով եւ պետք է գնահատել նրա ջանքերը: Նրան միացած տղաները, որոնք իրենց բողոքն են արտահայտում հացադուլի միջոցով, նույնպես պիտի գնահատանքի արժանանան հանրային տեսանկյունից, որովհետեւ մենք հեռու ենք այն մտքից, որ կառավարությունը որեւէ ձեւով կընդառաջի, կաջակցի կամ որեւէ քայլ կանի, որը կարող է Մանե Թանդիլյանին կամ մյուսներին դրդել, որ դուրս գան հացադուլից: Բայց հանրային աջակցությունը կարող է օգնել այս իրավիճակում, որ կարողանանք ունենալ գերնպատակի հասնելու հանգրվանը, որ իրապես մեր ընկերները վերադառնան:

Գիտե՞ք, մենք Ալիեւից պահանջ չունենք, որովհետեւ պարզ է՝ թշնամական պետության ղեկավար է, իրականացնում է իր քաղաքականությունը եւ այնտեղ Հայաստանի Հանրապետության բեմադրություններ իրականացնում դատական ատյաններում: Մեր խնդիրը, մեր պահանջը Հայաստանի կառավարությունից է, որի սահմանադրական պարտավորությունն է՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքի պաշտպանություն: Հիմա բանտարկված են արցախցի եւ հայաստանցի քաղաքացիներ, որոնք ուղիղ գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հոգածության տակ՝ ըստ սահմանադրության, ըստ օրենքների, ըստ մեր ռազմավարության դոկտրինի, բոլոր հնարավոր հիմնարար փաստաթղթերով: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կատարում իր պարտականությունը, եւ Հայաստանի քաղաքացիները այսօր չեն գտնվում այն հոգածության տակ, ինչը օրենքով պարտավոր է իրականացնել կառավարությունը:

Հենց որ դուրս ես գալիս երկրից, հենց մտար որեւէ երկիր, միանգամից sms է գալիս հեռախոսիդ, որ այսինչ երկրի դեսպանատունը ողջունում է ձեզ եւ եթե ձեր իրավունքներին առնչվող հարցեր կլինեն, խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել: Ու ինչ-որ հեռախոսահամար են տալիս: Մեր գերիները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ եւ Ադրբեջանի բանտերում խոշտանգվում են: Կառավարություն, ի՞նչ եք անում դուք, ո՞ւր է ձեր sms-ը:

Դեսպանատուն չունենք՝ ունենք կառավարություն, Արտաքին գործերի նախարարություն, որը պարտավոր է իրականացնել քաղաքականություն: Այն օրը կարդում եմ. ԱԳՆ գլխավոր քարտուղարը հավաքել է բոլոր դեսպաններին, դիվանագիտական ներկայացուցիչներին: Ու նախարարության ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ մի տող, մի բառ չկա գերիների վերադարձի պահանջի, գերիների հարցի քննարկման մասին: Ո՞նց հավատանք, որ կառավարությունը գաղտնի ջանքեր է գործադրում, որ գերիներին վերադարձնի: Չեմ հավատում: Չեմ հավատում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իր խոսույթում ագրեսիա ունի գերիների նկատմամբ: Անհատապես գերիների մասին խոսելիս ինչ ասես, ասում է: Եկեք հիշենք՝ ԱԺ-ում գեներալ գերիների մասին ինչ էր ասում, Արցախի ռազմաքաղաքական գերիների մասին ինչ էր ասում, Ռուբեն Վարդանյանի մասին ինչ էր ասում: Ո՞նց հավատամ, որ այդ մարդը ջանքեր է գործադրում գերիներին վերադարձնելու համար: Ես չեմ հավատում»,-ասաց Ազատության հրապարակ այցելած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հարցին, թե որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ տեղեկություն ունի՞, որ ամենայն հավանականությամբ Մանե Թանդիլյանը Հայաստանում հացադուլ հայտարարած առաջին կինն է եւ արդյո՞ք մինչ այս Հայաստանում պատահել է, որ միանգամից չորս հոգի միաժամանակ հացադուլ հայտարարեն նույն խնդրով, տիկին Թովմասյանը պատասխանեց. «Սա իսկապես բացառիկ ակցիա է եւ Մանե Թանդիլյանն արդեն բավականին երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ: 11 օր ոչ մի կին Հայաստանում հացադուլ չի արել: Ղարաբաղյան շարժման ժամանակ գուցե թե եղել է կարճատեւ նստացույց կամ հացադուլ, բայց այդ ակցիան շատ կարճատեւ է եղել եւ ինչ-որ արդյունքներ տվել է:

Հիմա մենք ունենք իրավիճակ, որ այո, բացառիկ է, որ կինն է հացադուլ հայտարարում, բացառիկ է, որ չորս տարբեր մարդիկ տարբեր տեղերում հացադուլ են հայտարարել: Եվ շատ բացառիկ է, որ որեւէ արձագանք իշխանությունից չկա եւ նաեւ հանրության համախմբում չկա: Անհատապես գալիս են՝ ինչո՞վ օգտակար լինենք: Զորակցություն են հայտնում, գնում են: Այն հանրային համախմբումը, որ մենք պատկերացնում էինք, ցավոք, դեռ չկա: Բայց հույս ունեմ, որ կարճ առաջիկայում մարդկանց մեջ կսկսի արթնանալ, որովհետեւ հիմա մարդիկ ավելի շատ են խոսում գերիների վերադարձի մասին, քան մինչեւ այս ակցիաներն էին խոսում»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31