Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության 40 հոգանոց ցուցակում, որը գլխավորում է ռեժիսոր, պրոդյուսեր,«Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը և որտեղ ընդգրկված են ՍՊԸ-ների տնօրեններ, կրթական հիմնադրամների ու քոլեջների դասախոսներ, ուսուցիչներ, հյուրանոցի ադմինիստրատոր, ՌԴ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի բուժքույր, դեղագործ,վաճառողներ, նաև աշխատանք չունեցող մարդիկ, 3-րդ համարը զբաղեցնում է ճանաչված նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը։
Նա Գյումրու ամենավառ, կոլորիտային դեմքերից է․ «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ՓԲԸ, Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է։ Նա կրթում է սերունդների, բացահայտում նոր տաղանդների։
Նկարչուհին ստեղծագործում է գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում, ստեղծում է նատյուրմորտներ, արձաններ, տարազներ, նկարում մետաքսի վրա։
Նա բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում, ազգային կերակերատեսակներ պատրաստելու վարպետ է։
Կարդացեք նաև
Նկարչուհին յուրովի է վերծանել հարազատ քաղաքի պատմությունը, մասամբ բնավորությունը, կենցաղը, մարդկանց. նրա «Գյումրի՛, իմ սեր՛» շարքում գյումրեցի հայտնի կոլորիտային դեմքերն են՝ բնիկ գյումրեցիները իրենց գերդաստաններով, կենցաղով, ծեսերով ու ավանդույթներով։
2019 թվականին մասնակցել է բարեգործական յուրօրինակ ակցիայի․ Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը վերածել էին 15000 կտորների ու յուրաքանչյուր փազլ վաճառելով 1000 դրամով՝ նախատեսել էին տուն գնել գյումրեցի երկու անօթևան ընտանիքների համար։ Առաջին կտորը գնել էր հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Ռուբեն Մխիթարյանի ցուցակի 19-րդ համարը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գյումրու շրջանային խորհրդի փոխնախագահ Տիգրան Աթոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ