Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող Հայաստանի Կոմունիստական կուսակցության 33 թեկնածուներից բաղկացած ցուցակում, որը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ընդգրկված են ինչպես նրա երկու հարազատները, այնպես էլ Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից ոմանք, դպրոցների նախկին տնօրեններ, ընդդիմադիր հայացքներ ունեցող ֆերմերներ։
Ցուցակի երկրորդ համարում Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է՝ Գյումրու ավագանու նախկին անդամ Ավետիս Առաքելյանը, որն անկուսակցական է և աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ճարտարագետ-չափագետ։
Ցուցակի 4-րդ համարում Վարդան Ղուկասյանի հարազատ հարազատ եղբոր թոռն է՝ Գևորգ Ղուկասյանը, որն անկուսակցական է և չի աշխատում։ Նա Ամերիկյան Համալսարանի Բիզնես-Կառավարում բաժնի շրջանավարտ է, ծառայել է Հայոց բանակում։
5-րդ համարում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ Գյումրու քաղաքապետարանում աշխատած Սեդրակ Սահակյանն է, որը դարձյալ չի աշխատում։
Կարդացեք նաև
Ցուցակի 12-րդ համարում Սիրանուշ Մելիքյանն է, որը նույնպես քաղաքապետարանի նախկին աշխատակցուհի է։
Ցուցակում ընդգրկված են նաև Գյումրու թիվ 19 և թիվ 27 դպրոցների նախկին տնօրեններ Նարինե Մեսրոպյանը և Կարինե Լալազարյանը։
Ցուցակի 10-րդ համարում ֆերմեր Տիգրան Ավագյանն է, որը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, համարձակ ելույթներով ։ Տիգրան Ավագյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ է։ Նա մամուլի ուշադրությունը գրավեց 2022 թ․ի մարտի 8-ին, երբ եղբոր՝ Գևորգ Ավագյանի հետ իրենց պատկանող դաշտում ի աջակցություն ՌԴ նախագահի՝ տրակտորով Z տառ ու Պուտին էին գրել։ Նրանք իրենց ընկերների հետ հայկական ու ռուսական դրոշները պարզած՝ տրակտորի ֆոնին՝ դաշտից ռուսերենով իրենց ողջույններն էին փոխանցում Վլադիմիր Պուտինին ու Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին։
Ցուցակի 11-րդ համարում Ղուկասյաններին պատկանող «Ալեքպոլ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ցուցակում ընդգրկված է նաև Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնյաներից մեկը՝ Գնել Մանուկյանը։ Կան նաև անհատ ձեռներցներ, Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի բուժքույր, մարզիչ, գանձապահ, ուսուցչուհիներ։
Ցուցակում ընդգրկված են նաև Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցնող անձանց զավակներ։
Թեկնածուների մեջ քիչ չեն աշխատանք չունեցող մարդիկ ու անկուսակցականները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ