Aravot.am-ի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գործող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Արտավազդ Ասատրյանը նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին թմրամիջոց է սպասարկել:
Մեր տեղեկություններով՝ Ասատրյանն իրավապահներին հայտնել է, որ դատապարտյալներ Ռ. Վ.-ի և Վ. Ա.-ի դրդմամբ ու հենց նրանց համար է ապօրինի ձեռք բերել զգալի չափերով 9,6293 գրամ «Մարիխուանա» տեսակի և մանր չափերով 2,1912 գրամ տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոցներ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելացնենք, որ Արտավազդ Ասատրյանի դատաքննությունը ընթացքի մեջ է, հերթական դատական նիստը նշանակվել է ապրիլի 10-ին։ Գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Հայկ Իսրայելյանի վարույթում է։
Կարդացեք նաև
ԱՆ քրեակատարողական ծառայությունը 2023-ի դեկտեմբերի 5-ին հաղորդել էր. «Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ա․ Ա․-ին։
Վերջինիս անձնական իրերը խուզարկելիս՝ ծառայողները նկատել են, որ ծխախոտի տուփի գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ տուփում առկա 21 գլանակները լցված են կանաչ, մանրացված բուսական զանգվածով։
Ա․Ա․-ն բանավոր հայտարարել է, որ նշված ծխախոտի տուփը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մտցնելու համար իր հետ մոտ մեկ ամիս շարունակ բանակցել է դասերին հաճախող դատապարտյալներից մեկը։ Արդյունքում՝ Ա․Ա․-ն գումարի դիմաց համաձայնել է տուփը բերել քրեակատարողական հիմնարկ։
Ա․Ա․-ն քրեակատարողական ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ