«Վերջերս Ֆրանսիայի դեսպանը նորից հանդես եկավ հայտարարությամբ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա։ Մենք բազմիցս ասել ենք՝ այն, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, լեգիտիմացնում են Ալմա-Աթայի հռչակագիրը, դա արվում է Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրմամբ ու մանիպուլյացիաներով»,- այսօր Հայաստանի եւ Արցախի մտավորականների հրավիրած խորհրդաժողովում ասաց Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը։
Նա նշեց, որ ասում են, որ իբր Ալմա-Աթայի հռչակագրում ԽՍՀՄ վարչական սահմաններն ընդունվել են որպես պետական սահմաններ։ «Եթե չզլանան այդ հայտարարություն անողները եւ կարդան, այնտեղ խորհրդային հանրապետությունների մասին ոչ մի բառ չկա, ԽՍՀՄ սահմանների մասին ոչ մի խոսք կա, առավել եւս, որ դրանք պետք է դառնան պետական սահմաններ։ Այնտեղ գրված է՝ գոյություն ունեցող սահմաններ»,- ասաց նա։
Միհրան Շահզադեյանը հավելեց, որ հռչակագրի հիմանական իմաստն այն է, որ երկրները միանում են ԱՊՀ երկրների ստեղծման համաձայնագրին։ «Ադրբեջանում չեն խոսում այդ փաստաթղթի մասին, որովհետեւ Հայաստանը դա վավերացրել է վերապահումներով։ Իսկ վերապահումներից մեկն այն է, որ այն ավտոնոմ միավորները, որոնք հանրաքվեներ են արել մինչեւ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը, նրանք նույնպես կարող են դառնալ ԱՊՀ երկրների անդամ։ Այդ վերապահումով հաստատում են, որ մենք ճանաչում ենք՝ Արցախն Ադրբեջանի կազմում չէ։ Ադրբեջանցի իրավագետները դա վաղուց հասկացել են։ Արցախի տարածքը որեւիցե ձեւով չի կարելի համարել Ադրբեջանի միջազգայնորեն ընդունված տարածք։ Մենք գիտենք, որ 2022 թվականի աշնանը այսօրվա իշխանությունները գնացին եւ հայտարարեցին, որ Ալմա-Աթայի հռչակագրով Արցախն իբր թե Ադրբեջանի տարածք է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ