Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու նախարարը դիտարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածում իրականացված ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները։ Առաջիկա օրերին ճանապարհի այս հատվածը շահագործման կհանձնվի, այն երթևեկության համար երկկողմանի բաց կլինի և ամբողջապես կահավորված։ Նշենք, որ շինաշխատանքներն իրականացնում է «Սինոհիդրո» չինական կազմակերպությունը, տեխնիկական հսկողությունը` «Այառդի» իտալական կազմակերպությունը:
Դավիթ Խուդաթյանն այնուհետև նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել Ախուրյան համայնքում։ Պատասխատանուները սկզբում եղել են Կառնուտ բնակավայրում, որտեղ պետություն-համայնք համագործակցության արդյունքում երկու փուլով կառուցվել է նոր մանկապարտեզ։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 273 մլն 478 հազար դրամ է կազմել, գումարի 70 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։ Ծրագրի իրականացման արդյունքում 50 երեխայի համար հնարավորություն է ստեղծվել հաճախել բոլոր հարմարություններն ունեցող մանկապարտեզ։
Դիտարկվել է նաև Ախուրյան բնակավայրի Հ․ Հովսեփյան փողոցը, որն ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրով՝ 2024թվականին։ Կառավարության 45 տոկոս համամասնության փոխհատուցմամբ ծրագրի գումարը կազմել է 168 մլն 891 հազար դրամ։ Ասֆալտապատվել է 1.66 կմ (8834 քմ) երկարությամբ ճանապարհ։
Կարդացեք նաև
Դավիթ Խուդաթյանն այնուհետև Արտուշ Հովհաննիսյանի, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հետևել է Գյումրիում իրականացվող մի շարք շինաշխատանքների ընթացքին ու դիտարկել ավարտված աշխատանքները։
Պատասխանատուները եղել են Ասլամազյան քույրերի պարկերասրահում, որի փայտե պատշգամբը վերականգնվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի արժեքը կազմել է 13 մլն 613 հազար դրամ, գումարի 45 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։ Ծրագրի իրականացման արդյունքում վերականգնվել է պատկերասրահի 63․7 քմ մակերեսով պատշգամբը։
Այցելություն է եղել Գյումրու Հաղթանակի պողոտա, որի վերականգնումն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 947 մլն 607 հազար դրամ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի վերջին կանգառը Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցում է եղել։ Համալիրը կառուցվում է քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 6 մլրդ 796 մլն դրամ է կազմում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն