Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական ազատության ինդեքս-2025. առաջընթացի փոխարեն՝ դիրքերի կորուստ. «Լույս» հիմնադրամ

Մարտ 11,2025 17:06

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքս-2025» ամենամյա զեկույցը։

  • 2025 թվականին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։ Երեք տարի անընդմեջ նվազումից հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։
  • Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառն այն է, որ այդ աճը էապես զիջում է աշխարհի և բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։

«Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։
  • Հայաստանը 2022 թվականից ի վեր դասակարգվում է որպես տնտեսապես «չափավոր ազատ» երկիր։ Մինչ այդ՝ 2020 և 2021 թվականներին, Հայաստանն ընդգրկված է եղել տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում: Մեր երկիրը տնտեսապես «հիմնականում ազատ» է համարվել նաև 2017 թվականին։
  • 2025-ի զեկույցում նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում անկախ դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։
  • Տնտեսական ազատության ինդեքսի 12 ենթաինդեքսներից 5-ի գծով Հայաստանը «հիմնականում ազատ» է, 1-ի գծով՝ «չափավոր ազատ», 2-ի գծով՝ «հիմնականում ոչ ազատ», ևս 2-ի գծով՝ «ճնշված»։ Հայաստանի երկու ենթաինդեքսները՝ «Սեփականության իրավունքի պաշտպանությունը» և «Արդարադատության արդյունավետությունը» ավելի ցածր են, քան դրանց համաշխարհային միջին մակարդակը։ Ի դեպ, նախորդ տարվա համեմատ այս երկու ենթաինդեքսներն էլ նվազել են։
  • Ենթաինդեքսների 4 խմբերից ամենաանբարենպաստը շարունակում է մնալ «Օրենքի գերակայություն» խմբի վիճակը։ Հայաստանն այս տարի խմբի երեք ենթաինդեքսներից արդեն երկուսի գծով է համարվում տնտեսապես «ճնշված»։ 2024-ին Հայաստանը միայն մեկ ենթաինդեքսի գծով էր համարվում «ճնշված»։ 2025-ի զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
  • «Շուկայի բացություն» խմբի բոլոր երեք ենթաինդեքսների գծով զգալի նվազում է արձանագրվել։ Ընդ որում, խմբի երկու ենթաինդեքսները նվազելով հասել են երկրների տվյալ խմբի նվազագույն շեմային արժեքին։ Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆինանսական ազատություն» ենթաինդեքսը նվազել է միանգամից 10 միավորով, ինչի արդյունքում Հայաստանը դրա գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից նահանջել է «չափավոր ազատ» երկրների խումբ։
  • 2024-ի համեմատ զգալի բարելավում է արձանագրվել «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների գծով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նվազել են պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության վերջին երեք տարիների միջին արժեքը և պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ Նկատի ունենալով, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ այս և առնվազն հետագա երկու տարիներին նախատեսված է նշված ցուցանիշների զգալի աճ, կարելի է ակնկալել, որ առաջիկա տարիներին այս ենթաինդեքսները նվազելու են։
  • ԵԱՏՄ անդամ երկրների թվում Հայաստանն այս տարի ևս առաջատար է, սակայն 2-րդ տեղը զբաղեցնող Ղազախստանի ինդեքսի հետ տարբերությունը տարեցտարի կրճատվում է։
  • Այս տարի ևս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարևան չորս երկրներից զիջում է միայն Վրաստանին։ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարևաններից ավելի մեծ է։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

 «Լույս» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31