Ստրասբուրգ, 11.03.2025 – Եվրոպայի խորհրդի Տեղեկատվության հասանելիության խումբը (The Council of Europe’s Access Info-AIG), անկախ փորձագետների խումբը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի Պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին կոնվենցիայի իրականացումը վերահսկելու նպատակով, այսօր հրապարակել է իր առաջին գնահատման զեկույցը Հայաստանի վերաբերյալ:
Զեկույցը պարունակում է 2003թ. սեպտեմբերին ընդունված Հայաստանի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխանության համապարփակ վերլուծություն Տրոմսոյի կոնվենցիային:
Ըստ AIG-ի, թեև օրենքն ընդգրկում է պետական մարմինների լայն շրջանակ, այն պետք է հստակեցնի, որ վարչական իշխանություն իրականացնող բոլոր կառույցները և պետական մարմինների կողմից պահվող բոլոր տեղեկատվությունը ընդգրկված են դրա կիրառման շրջանակում:
AIG-ը եզրակացնում է նաև, որ օրենքի այլ բարելավումներ են անհրաժեշտ պայմանագրի պահանջների կատարումն ապահովելու համար, մասնավորապես՝ երաշխավորելով պաշտոնական փաստաթղթերի հասանելիության իրավունքն առանց որևէ խտրականության, ապահովելով գաղտնիության և պաշտոնական փաստաթղթերին հասանելիության հանրային շահի հավասարակշռությունը, և ապահովելով արագ վերանայման ընթացակարգ հասանելիության մերժման դեպքերում:
Կարդացեք նաև
Հայաստանը վավերացրել է Եվրոպայի խորհրդի Պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին կոնվենցիան 2020թ. հունիսի 24-ին: Պայմանագիրն ուժի մեջ է մտել երկրում 2022թ. սեպտեմբերի 1-ին:
***
Եվրոպայի խորհրդի Պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին կոնվենցիան (հայտնի է նաև որպես Տրոմսոյի կոնվենցիա) առաջին պարտադիր միջազգային իրավական փաստաթուղթն է, որը ճանաչում է յուրաքանչյուրի իրավունքը հասանելիություն ունենալու պետական մարմինների կողմից պահվող պաշտոնական փաստաթղթերին՝ հարցման հիման վրա:
Այն սահմանում է նվազագույն պարտավորություններ իր Կողմերի համար՝ երաշխավորելու պաշտոնական փաստաթղթերի հասանելիության իրավունքը, հավասարակշռելով թափանցիկության հանրային շահի պաշտպանությունը այլ օրինական շահերի պաշտպանության հետ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, պաշտպանությունը և միջազգային հարաբերությունները: Պայմանագիրը սահմանում է նաև պարտավորություններ տեղեկատվության հարցումների մշակման ընթացակարգերի և մերժման որոշումների անկախ մարմնի կամ դատարանի կողմից վերանայման վերաբերյալ:
Տեղեկատվության հասանելիության խումբը (AIG) Տրոմսոյի կոնվենցիայի կողմից ստեղծված մարմին է, որը գնահատում է պայմանագրի իրականացումը կողմերի կողմից օրենքով և գործնականում և առաջարկություններ է անում դրա դրույթների լիարժեք համապատասխանության համար: Այն բաղկացած է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ոլորտի տասը անկախ փորձագետներից: Նրա աշխատանքի հիման վրա մեկ այլ մոնիթորինգային մարմին՝ Կողմերի խորհրդակցությունը, առաջարկություններ է ներկայացնում Կողմերին: Մինչ այժմ 17 երկիր վավերացրել է պայմանագիրը, իսկ ևս չորսը ստորագրել են այն՝ վավերացման նպատակով: