Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ վերադարձին այլընտրանք չկա, Արցախի հարցը Հայաստանի անվտանգության հարցն է». մտավորականները խորհրդաժողով են անում

Մարտ 11,2025 15:56

Հայաստանի եւ Արցախի մտավորականները խորհրդաժողով են անցկացնում Արցախի հարցով։ Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում, ինչպե՞ս կարող է մտավորականությունը համախմբել հասարակությանը. խորհրդաժողովի օրակարգում այս եւ այլ հարցեր են։

Բանախոսները չեն բացառում նաեւ Արցախ վերադարձի հնարավորությունը։

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մտավորականությունը ստեղծված իրավիճակում անտարբեր մնալու իրավունք չունի, պետք է համախմբվի ու ձայն բարձրացնի։ «Ճիշտ է, դեգրադացման պրոցեսները կան, բայց կարծում եմ՝ մեր ժողովրդի գոնե գիտակից զանգվածը սպասում է մտավորականության խոսքին ու քայլերին, որպեսզի իր համար համապատասխան հետեւություններ կատարի»,- ասաց նա։

Հարությունյանն ասաց, որ Արցախի հարցը Հայաստանի անվտանգության հարցն է, դա պետք է քաջ գիտակցենք։ Ըստ նրա՝ Արցախի կորստից հետո այլեւս կասկածներ չեն մնացել, որ Արցախը եղել է եւ հույս կա, որ հետագայում էլ կլինի Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղադրիչը։

«Արցախ վերադարձին այլընտրանք չկա, մենք հնարավոր քայլերն անում ենք՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ Արցախ համահավաք վերադարձն ապահովելու համար։ Դա կարող է լինել միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունը, դա կարող է լինել աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը։ Բայց մենք շեշտը պետք է դնենք նաեւ ներքին ինքնակազմակերպման վրա»,- ասաց նա։

Մհեր Հարությունյանն անդրադարձավ նաեւ Բաքվում հայ գերիների կեղծ դատավարությանը։ «Բաքվում այդ կեղծ դատավարությունը ոչ միայն Արցախի նախկին ռազմաքաղաքական ներկայացուցիչների դատավարությունն է, այլ ամբողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության դատավարությունն է։ Այս ամենի դեմ պայքարելու համար մեզ պետք է համախմբվել, համաժողովրդական պայքարով, բողոքի ակցիաներով, օգտագործելով միջազգային իրավունքի հնարավորությունները, ճնշման այլ մեթոդներով ամեն ինչ անել՝ Բաքվի այդ հերթական դիվերսիան ի չիք դարձնելու համար»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31