Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի բարելավված բանտում ուզում եմ գեթ մեկ գիշեր անցկացնեք»․ Գառնիկ Դանիելյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի մասին

Մարտ 11,2025 15:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խոսելով շատ բան չենք կարող փոխել, գործելով պետք է փոխենք»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով Բաքվում գտնվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի հնարավորության մասին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Գառնիկ Դանիելյան

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, ՀՀ գործող իշխանությունը շահագրգիռ չէ Բաքվի բանտերից մեր գերիներին վերադարձնելու հարցում, իրենք հաճախ Ադրբեջանի գիծն են տանում․ «Բոլորիս ամոթն ու խարանն է, որ այդ մարդիկ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, հայտնվել են ադրբեջանական բանտում եւ ճիշտ է ասում Ռուբեն Վարդանյանը, երբ ասում է, որ ոչ թե այդ 15 մարդուն են դատում Բաքվում, այլ մեզ՝ բոլորիս։ Այդ դատը բոլորիս արժանապատվության հարցն է»։

Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի խոսքի հաջորդ առանցքային ուղերձն, ըստ Գառնիկ Դանիելյանի այն է, ար ադրբեջանցիները պատրաստ չեն մեզ հետ խաղաղ ապրելու, Ադրբեջանի ղեկավարությունը բացեիբաց խոսում է իր նպատակների ու ծրագրերի մասին, մինչդեռ անգամ այս պարագայում, ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ գնում է Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու, խաղաղության օրակարգի եւ խաչմերուկի։

«Այս ձայնագրությունները ապացույցն են նրա, որ Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ ու ազատ են, քան ՀՀ-ում գտնվող շատ ու շատ մարդիկ։ Իրենք ֆիզիկապես անազատության մեջ են գտնվում, բայց իրենք ցուցաբերում են բացառիկ հայրենասիրություն, բացառիկ նվիրում։ Այն խրոխտ կեցվածքը, որով որ հանդես են գալիս մեր հայրենակիցները՝ հպարտանալու, սթափվելու ազդակ է։ Ազդակ նրա, որ անգամ Բաքվի բանտում կարող ես արժանապատվություն ցուցաբերել»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ անգամ կտտանքների ենթարկվելով եւ հազար ու մի դաժանությունների միջով անցնելով, իրենք համարձակ ասում են, որ Արցախ կա, իրենք ցույց են տալիս հայի հերոսական, աննահանջ ու անկոտրում կերպարը։ Իմ համար ցավալի է, որ ՀՀ-ում, մանավանդ իշխանական շրջանակներում վախենում են Արցախ բառն արտաբերել, բայց Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցները խոսում են Արցախի ինքնորոշման, Արցախի կարգավիճակի մասին։

Գառնիկ Դանիելյանին զարմացնում է այն մարդկանց ստորաքարշությունը, որոնք թիրախավորում են Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։

Հիշեցնենք, վերջերս ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր վերահաստատել իր տեսակետն՝ ասելով, որ նրանք պետք է գերի չընկնեին։

Գառնիկ Դանիելյանը համայն հայությանը կոչ է անում՝ անտարբեր չլինել գերիների ճակատագրին, քանի որ ամենամեծ թշնամին անտարբերությունն է։ Ընդդիմության կողմից էլ խոստանում է՝ միջազգային հարթակներում առավել ակտիվ եւ հետեւողական լինել հարցի վերաբերյալ։ Նաեւ հայտարարում է, որ հստակ տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանությունները այստեղից իրենց հայտարարություններով եւ պահվածքով նպաստում են, որ Բաքվում այդ մարդկանց սուտ-մեղադրանքներն ավելանան, որ նրանք շարունակեն բանտարկված մնալ Բաքվում եւ անգամ նպաստում են, որ անհնար լինի նրանց երբեւէ դուրս գալը Բաքվի բանտից, որ այդ մարդիկ ավելի շատ խնդիրներ ունենան Բաքվում։ Դրա վառ օրինակն էլ ըստ նրա, Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածն էր։

«Անամոթաբար հայտարարում են՝ Բաքվի բանտում մեր հայրենակիցները բարելավված պայմաններում են։ Ես այդ բարելավված պայմաններում ուզում եմ գեթ մեկ գիշեր անցկացնեք, որ հասկանաք։ Թեպետ ոչ մի հայի նման բան չէի ցանկանա․․․Ամբողջ աշխարհը խոսում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի մասին, Ադրբեջանում աղաղակող խախտումների մասին, սրանք խոսում են այնտեղ իբր կոմֆորտ իրավիճակի մասին․․․ հանգստյան տուն են գնացել էլի։ Դուք էդ մարդկանց դեմքի կապտուկները տեսե՞լ եք, էդ կտտանքների հետքերը տեսե՞լ եք, էդ հյուծված մարդկանց տեսե՞լ եք․․․ մինչ այդ դուք տեսե՞լ էիք այդ մարդկանց։ Ակնհայտ է, որ մարդիկ խոշտանգման են ենթարկվում։

Հիշո՞ւմ եք ձեր խոսույթը գերիների մասին․ ասում էիք՝ գերիները մեզ համար գոյություն չունեն․․․ հետո, ընտրությունների ժամանակ ամպագորգոռ բաներ էիք ասում, ասում էիք՝ մեր ընտանիքի անդամների հետ կփոխանակենք․․․ փոխանակեցի՞ք։ Թե՞ պետք էր քվե, մարդկանց մոլորեցնել՝ ասելով Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, ասել՝ Տավուշից մի սանտիմետր հող չեմ տալու, ձեռքս կկտրեմ ու խաբել՝ տալ։ Հիմա էլ ամեն ինչ տանում եք նրան, որ հերթական անգամ հայրենահանձնում կատարեք։ Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվում եք՝ մոռանալով, որ մի քանի ամիս առաջ ԱԺ-ում ասում էիք Հռոմի ստատուտ ընդունենք, որ եվրոպական դատարաններում Ալիեւները եւ ռազմական հանցագործները դատվեն։ Դատեցի՞ք։ Փաստի առաջ կանգնեցրիք, մի ողջ ժողովուրդ ցեղասպանության եւ էթնիկ զտման ենթարկվեց՝ ձեր լուռ համաձայնությամբ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31