Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) դաշտային թիմի ղեկավար Ավետիք Փաշայանին, պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակին և պաշտպանության գործառույթների տարածքային ներկայացուցիչ Լիանա Արզումանյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ԿԽՄԿ կողմից 2024 թվականին իրականացված ծրագրերի ընթացքը և արդյունքները, ինչպես նաև՝ 2025 թվականին նախատեսված ծրագրերի բովանդակությունը։
2024 թվականին Գեղարքունիքի մարզում ԿԽՄԿ-ի կողմից 120 կիլովատ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել Ճամբարակի առողջության կենտրոնի շենքի տանիքին, 3 կիլովատ ժամ հզորության արևային համակարգեր՝ Վարդենիս համայնքի Կութ, Ազատ, Նորաբակ և Դարանակ բնակավայրերի ԲՄԿ-ների շենքերի տանիքներին։
Իրականացվել է Վարդենիս համայնքի Շատվան ԲՄԿ նոր շենքի կառուցման նախագիծը, որի շինարարական աշխատանքներն արդեն գտնվում են ավարտական փուլում։
Կարդացեք նաև
Կախակն և Ախպրաձոր բնակավայրերի 101 տնտեսությունների բաժանվել է աշնանացան ցորենի սերմացու՝ 2-ական հեկտարի չափով ցանք կատարելու հաշվարկով։
Կախակնի 18 տնտեսությունների միկրոձեռնարկատիրական աջակցության դրամաշնորհի շրջանակներում տրամադրվել է դրամական աջակցություն՝ միջինը 700 հազարական դրամի չափով։
Ներքին Շորժայում 11 տնտեսություն ստացել են դրամական աջակցություն՝ 500 հազարական դրամի չափով՝ անասուններ ձեռք բերելու նպատակով։
Ջաղացաձորում առավել խոցելի խմբում գտնվող 24 ընտանիքների տրվել է միանվագ դրամական աջակցություն՝ 130 հազարական դրամի չափով։
Կախակնում ու Ախպրաձորում վերանորոգված 4 բնակարաններից յուրաքանչյուրի վրա ծախսվել է 3,5 միլիոն դրամ։
2025 թվականին Գեղարքունիքի մարզում ԿԽՄԿ հաստատված ծրագրերով 80 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն Վարդենիսի բժշկական կենտրոնում, 10-ական կլիովատտ ժամ հզորության կայաններ՝ Մեծ Մասրիկի և Ծովակի բուժամբուլատորիաներում։
Ջաղացաձորում կիրականացվի միկրոտնտեսական աջակցության ծրագիր՝ տնտեսությունների համար անասուններ ձեռք բերելու կամ հողագործությունը զարգացնելու նպատակով։
Բնակարանաշինական աջակցության և հողերի մելորացման ծրագրեր կիրականացվեն Կուտականում, աշնանացան ցորենի սերմերի տրամադրման ծրագիր՝ Կուտականում, Ազատում, Կութում, Նորաբակում, Ջաղացաձորում։
Վարդենիսի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի համար կկազմակերպվեն դասընթացներ «Անհետաձգելի բուժօգնություն», «Զանգվածային տուժածներով պատահարների կառավարում» թեմաներով։
Վարդենիս համայնքի բնակավայրերում կշարունակվի 2024 թվականից մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը, որի շահառուներն են հակամարտությունից տուժած անձինք։
Պաշտպանության գործառույթների ներկայացուցիչներ Վալերի Յարմակը և Լիանա Արզումանյանը Գեղարքունիքի մարզպետի ուշադրությանը ներկայացրին ԿԽՄԿ կողմից Գեղարքունիքի մարզում 2025 թվականին ներդրվող նոր ծրագիրը, որի հիմնական շահառուները Արցախյան հակամարտության՝ 2020-ի աշնան սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներն են։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց ԿԽՄԿ կողմից 2024 թվականին իրականացված ծրագրերի ընթացքից ու արդյունքներից և հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ- ԿԽՄԿ համագործակացության շնորհիվ 2025 թվականին ևս հաջողությամբ կյանքի կկոչվեն հաստատված բոլոր ծրագրերը, որոնք մեծապես կթեթևացնեն պատերազմների ու բռնի տեղահանությունների հետևանքով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների հոգսերը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ