Երեւանի քաղաքապետարանն իրազեկել է, որ ավագանու նոր որոշմամբ, ի թիվս այլոց, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն եւս անվճար երթեւեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից: Սակայն պարզվում է, ոչ բոլորն են կարողանում օգտվել այդ արտոնությունից:
Aravot.am-ին է դիմել 4 երեխաների մայր Գոհար Ավետիսյանը: Նա նշում է, որ միայնակ մայր է, բոլոր երեխաներն անչափահաս են, ՀՀ քաղաքացի: «2 տղաներս հաշվառման են կանգնած զինկոմիսարիատում: Աղջիկս քոլեջ, իսկ փոքր տղաս դպրոց են հաճախում։ ԶԱԳՍ-ի բազայում կան, որովհետեւ տարին մեկ անգամ տեղեկանք եմ վերցնում՝ որպես միայնակ մայր։ Ինչքան հնարավոր բազաներ կան,իմ երեխաները գրանցված են։ Բայց «Թել-Սել»-ի բազայում չկան։ «Թել-Սել»-ից ասում են՝ զանգեմ թաղապետարան, թաղապետարանից ուղարկում են ԶԱԳՍ ու Երեւանի քաղաքապետարանի թեժ գծին են առաջարկում զանգել ու նորից ամեն ինչ կրկնվում է: Ուզում եմ անվճար երթեւեկելու քարտ ձեռք բերել, որ գոնե ես կարողանամ անվճար երթեւեկել, քանի որ թանկացումից հետո 3 ուսանողներիս չեմ կարողանում ուղետոմսով ապահովել։ Բայց ոչ մի կերպ չի ստացվում, մի կառույցը մյուսի վրա է գցում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Գոհար Ավետիսյանը:
Թեմայի վերաբերյալ «Թել-Սել»-ի լրատվականից հետեւյալը փոխանցեցին. «Համապատասխան բազաները «Թել-Սել» ընկերության հետ որեւէ կապ չունեն։ Եվ քանի որ տվյալ բազաները չեն պատկանում «Թել-Սել»-ին, ընկերությունը ճշգրտումներ անելու հնարավորություն էլ չունի։ Կապված խնդիրների տեսակներից՝ մենք ուղղորդում ենք համապատասխան պետական գերատեսչություններ»։
Aravot.am-ը կապվեց նաեւ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ: Նա խնդրեց փոխանցել քաղաքացու տվյալները եւ ասաց, որ տեխնոլոգիաների կենտրոնին կփոխանցի տեղեկատվությունը, որպեսզի մասնագետները կարգավորեն խնդիրը;
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ