Մարտի 10-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿԿ) նախագահի թեկնածուների ընտրության մրցույթ։ Կոռուպցիոն հանցագործությունները քննող կոմիտեի ղեկավարի թափուր պաշտոնի համար դիմել էին 5 անձինք` Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, փաստաբան Կարեն Բատիկյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնը թափուր է 2024 թ. նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը sms-ի միջոցով կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հորդորեց հրաժարական տալ։
«Ես կդժվարանամ դրա հետ կապված փաստահեն պնդում անել, բայց հավանաբար դա ունեցել է ազդեցություն, միգուցե կային մարդիկ, տեսականորեն ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, բայց միգուցե կան մարդիկ, որոնք կմտածեն՝ արդյոք սա անկա՞խ մարմին է: Եթե իրոք անկախ մարմին լիներ, կգնայի, բայց սա անկախ մարմին չէ, որովհետեւ երբ վարչապետն ասում է՝ ես ձեզ հորդորում եմ հրաժարական տաք, ու մարդը միանգամից հրաժարական է տալիս, ուրեմն չարժի գնալ»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք Փաշինյանի՝ sms-ի միջոցով Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելն ազդեցություն է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության մրցույթի վրա:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ մրցութային խորհուրդը նպատակ ունի թեկնածուների ցուցակ կազմել եւ այն ներկայացնել կառավարությանը, որոնցից կառավարությունը կընտրի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին. «Առաջին փուլում միայն մեկ թեկնածու էր դիմել՝ ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը, որը բարեվարքության բավարար շեմը չհաղթահարեց, եւ նորից մրցույթ հայտարարվեց: Իսկ երկրորդ փուլն ավելի մրցակցային էր, քանի որ դիմել է 5 թեկնածու: 5 թեկնածուներից 3-ը հաղթահարեցին բարեվարքության բավարար շեմը, ներկայացվեցին կառավարություն, եւ կառավարությունն այդ երեքից մեկին կնշանակի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Օրենքի համաձայն՝ կառավարությունը կարող է նաեւ ոչ մեկին չնշանակել եւ այդ դեպքում նորից մրցույթ կլինի: Այդ երեք թեկնածուներն են՝ Արթուր Նահապետյանը, Գեւորգ Քոչարյանը եւ Պետրոս Մարտիրոսյանը»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Դանիել Իոաննիսյանն ի թիվս այլնի՝ անդրադառնալով թեկնածուների բարեվարքությանը, որոշ մանրամասներ նշեց, օրինակ` փաստեց, որ թեկնածուներից Կարեն Բատիկյանի որդին իրեն պատկանող մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի. «Լավ, մեկ անգամ մեքենան տամ՝ առանց վարորդական իրավունքի վարի, տուգանվի, երկրորդ անգամ տամ, երրորդ անգամ տամ, դա նշանակում է, որ ես այդ պահվածքը խրախուսում եմ, ես էդ պահվածքի հետ OK եմ…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ