Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոյալիստներին պաշտոնների մի նշանակեք»․ ՀՀ-ում «Ֆրիդոմ Հաուս»-ի ներկայացուցիչը՝ իշխանություններին

Մարտ 11,2025 13:46

«Իմ առաջին խորհուրդն իշխանություններին կլինի հնարավորինս փոխել այն ռազմավարությունը, ըստ որի՝ լոյալիստներին նշանակում են կարևորագույն պաշտոնների և իրականացնել իմաստալից փոխհամագործակցություն քաղհասարակության հետ, որովհետև քաղհասարակության ներսում ունենք հսկայական ներուժ ու գիտելիքներ։ Իմաստալից փոխգործակցությունը կօգնի ՀՀ-ին առաջ տանել և զարգացնել բարեփոխումները»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ում մենք ունենք սնանկ քաղաքական միտք ու քաղաքացիական գիտակցություն, թե ինչպես ենք պատկերացնում ժողովրդավարությունը ՀՀ-ում և թե ինչ է ժողովրդավարությունն առհասարակ։ Ըստ նրա՝ մենք մինչև հիմա ազգային գաղափարախոսություն քաղաքական համակարգի առումով կարծես չունենք և չենք կարողացել ձևավորել՝ որպես հանրություն։

Անդրանիկ Շիրինյանն ասաց, որ իրենց և միջազգային այլ կազմակերպությունների պատրաստած զեկույցներին ՀՀ իշխանությունը մեծ ուշադրության է դարձնում․ «Դրանք մեծապես սպասված են ՀՀ-ում և շատ մանրակրկիտ ուսումնասիրվում են։ Խորհուրդը փորձում է կառավարության շրջանակում դրանցում նշված խնդիրները հասցեագրել։ Բայց չեմ կարող ասել, որ խորհուրդը հաջողություն է գրանցում։ Որևէ փոփոխություն վերջին տարիներին այս ոլորտում չենք գրանցում»։

Անդրանիկ Շիրինյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների պաշտպանական դիրքավորումը հանգեցրել է ժողովրդավարության զարգացման ոլորտում լճացման․ «2020-ի պատերազմը և դրան հետևող իրադարձությունները հանգեցրին նրան, որ իշխանություններն այսօր շատ ավելի պաշտպանվողական դիրք են զբաղեցրել հասարակության հետ հարաբերություններում և հնարավորինս իրենց պաշտպանում են քննադատական խոսքից։ Վիրավորանքը և զրպարտությունը բացասական երևույթներ են, բայց կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, ՄԻԵԴ-ի վճիռներ, որոնք փաստում են, որ իշխանությունները պետք է պատրաստ լինեն այդ քննադատություններին, որոնք երբեմն կարող են դրսևորվել անգամ վիրավորանքների տեսքով։

Մեր զեկույցի ուսումնասիրության շրջանակում դիտարկել ենք նաև այն, թե ինչ նշանակումներ են իրականացնում իշխանությունները։ Արձանագրել ենք այն, որ ՀՀ-ում հատկապես պատերազմից հետո իշխանությունը սովորաբար կարևորագույն պաշտոնների նշանակում է իր լոյալիստներին, մարդկանց, որոնց իշխանությունը վստահում է, վստահ է, որ ինչ-որ պահի նրանք չեն փոխելու իրենց քաղաքական դիրքորոշումը, չեն շրջվելու իշխանության դեմ։ Սրա պատճառը պաշտպանական դիրքավորումն է, որ իշխանությունները ՀՀ-ում բռնել են, բայց միևնույն ժամանակ սրանք երևույթներ են, որոնք ազդում են ժողովրդավարական զարգացման վրա։ Այսինքն՝ նշանակման հիմնական պատճառը և հիմքը ոչ թե մասնագիտական կարողություններն են, այլ լոյալությունը իշխանություններին, իշխող քաղաքական ուժին։ Սրա հետ կապված մենք բազմաթիվ անգամներ նաև հայտարարություններ ենք արել, ինքս հարցրել եմ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թեև նա չհամաձայնեց, որ կա նման երևույթ ՀՀ-ում։ Բայց կարծում եմ՝ ՀԿ-ները և քաղհասարակությունը տեսնում են, որ այս միտումը կա։ Պաշտպանական այդ դիրքավորումը սխալ դիրքավորում է և հանգեցրել է լճացման ու ժամանակի հետ բերելու է ժողովրդավարական նորմերի քայքայման»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31