Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի. ԵՏՀ առևտրի կոլեգիա

Մարտ 11,2025 13:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արմենպրես». Հայաստանի Հանրապետության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից։

«Մենք ակնկալում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դերը Մեծ Եվրասիական տարածքում՝ հատկապես տրանսպորտային միջանցքների ընդլայնման և տարանցիկ ներուժի ավելացման շնորհիվ։ Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի տրանսպորտային համակարգի, այլև ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ առևտրային կապերի զարգացման վրա»,- ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։

Գերատեսչությունից կարևորել են, որ Իրանի կառավարությունը ևս պաշտոնապես հայտնել է իր աջակցությունը այդ նախագծին՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև համագործակցությունը դինամիկ զարգանում է։

«Արդեն մոտենում ենք ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնագծին։ Այն ստորագրվել է 2023թ. դեկտեմբերին, և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսին։ Մենք համոզված ենք, որ այս համաձայնագրի իրականացումն էականորեն կխթանի առևտրի զարգացումը, քանի որ այն թույլ կտա առավել արդյունավետ կերպով օգտագործել առկա առևտրային ներուժը։ Իրանի հետ համաձայնագրի շրջանակում մենք հասել ենք զգալի արդյունքների՝ ազատ առևտրի ռեժիմի մաքսատուրքերի ազատականացման հարցում, և ապրանքների ավելի քան 90%-ը կլինի առանց մաքսատուրքերի»,- նշվում է պատասխանի մեջ:

Ըստ ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի գնահատականի՝ հայկական ապրանքների արտահանումը Իրան այդ համաձայնագրից զգալիորեն կշահի, և արտահանվող ապրանքների գերակշիռ մասը կներառվի մաքսատուրքային արտոնությունների տիրույթում։ Բացի շուկայի հասանելիությունից, համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ճյուղային համագործակցության, մասնավորապես՝ տրանսպորտի և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերին։

«ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության զգալի աճի պայմաններում օրակարգային է դառնում լոգիստիկ ենթակառուցվածքի արդիականացումը, տրանսպորտային շղթաների արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, ինչպես նաև նոր լոգիստիկ կենտրոնների զարգացումը։ Այդ համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի»,- ասված է ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի կողմից տրամադրված մեկնաբանության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31