Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նախագիծը բացասական է անդրադառնալու տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, ինչպես նաև խախտում է անմեղության կանխավարկածի մոտեցումը. Մանթաշյանց գործարարների ակումբ

Մարտ 11,2025 13:50

«Մանթաշյանց գործարարների ակումբի» հայտարարությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի համաձայն՝ վիճարկման հայցի ներկայացումը այլևս չի կասեցնելու վիճարկվող ակտի գործողությունը:

Գտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագիծը խիստ մտահոգիչ է և  բացասական է անդրադառնալու տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, ինչպես նաև խախտում է անմեղության կանխավարկածի մոտեցումը:

Այսպես, հաշվի առնելով, որ վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինում տևում է երկու տարուց ավելի, և ՊԵԿ-ի կայացրած ակտերը վարչական դատարանում մոտ 80 տոկոս բեկանվում են (տես` նույն ՊԵԿ-ի վիճակագրությունը), կարող ենք եզրակացնել, որ առաջարկվող նախագծի ընդունման դեպքում, տնտեսվարող սուբյեկտները ՊԵԿ-ի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելու 80 տոկոս դեպքերում, անհիմն կերպով երկու տարուց ավելի զրկվելու են իրենց տնտեսական միջոցների օգտագործման հնարավորությունից։

Այսպես, օրինակ, ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողի նկատմամբ 100 միլիոն դրամի վճարային պարտավորություն առաջացնող ակտի կայացման դեպքում, նույնիսկ եթե ակտը անհիմն է, և ի վերջո դատական պաշտպանության եղանակով կարող է վերացվել, միևնույնն է, այդ ակտի հետևանքով գործարարից այդ գումարը բռնագանձվելու է, և նա շուրջ երկու տարով զրկված է լինելու այդ միջոցները տնօրինելու հնարավորությունից։

Նման դեպքերում, հնարավոր է, որ տնտեսվարողը մինչև դատարանի կողմից իր խախտված իրավունքի վերականգնումը, դարձած լինի անվճարունակ և սնանկանա, կամ առնվազն էապես նվազած լինեն նրա շրջանառությունը և եկամուտները։

Առաջարկվող կարգավորումը մեր գնահատմամբ հանդիսանում է իրավական առումով նահանջ թե դատական պաշտպանության իրավունքի իրացման, թե սեփականության իրավունքի պաշտպանության, թե ազատ տնտեսական մրցակցության սկզբունքերից։ Քանի որ փաստացի պետությունը զրկում է ապօրինի կերպով ՊԵԿ-ի կողմից իր նկատմամբ կիրառած ֆինանսական պարտավորություն առաջացնող ակտերից պաշտպանվելու գործուն մեխանիզմներից։

Ընդ որում` իրավաչափ ենթադրվող նպատակը առերևույթ անհամաչափ փոքր է սպասվելիք վնասներից։

Այսպես, պետությունը այս եղանակով կարող է փորձել, այն 20 տոկոս դեպքերում, երբ ՊԵԿ-ի կողմից կայացված ակտերը դատարանում մնում են ուժի մեջ, մինչև դատական պրոցեսների ավարտը գումարը հավաքագրել և օգտագործել պետական ծախսերի համար, սակայն տնտեսվարողները 80 տոկոս դեպքերում անհիմն ակտի պատճառով այդ ամբողջ ժամանակահատվածում մնալու են առանց իրենց օրինական միջոցները տնօրինելու հնարավորությունից։

Մանթաշյանց գործարարների ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31