Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին ազատությունների ընդլայնման միտում կար, այժմ տեղի է ունենում խոսքի ազատության հետընթաց․ Հասմիկ Հարությունյան

Մարտ 11,2025 13:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները դադարեցրին։ Մենք չունենք տեղեկություն՝ ի՞նչ խնդիր կար, որ գոնե նոր նշանակվածները որոշակի պատկերացումներ կազմեն դրանից խուսափելու համար»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Հասմիկ Հարությունյան

Նա հետընթաց արձանագրեց կառավարություն-քաղհասարակություն համագործակցության առումով․ «Մենք շարունակ կարծես վազում ենք կառավարության հետևից։ Շատ հաճախ օրենսդրական փոփոխությունների մասին պոստ ֆակտում ենք տեղեկանում։ Մի պահ է գալիս, երբ ջրբաժանն այնքան մեծ է, որ քաղհասարակության ռեսուրսները չեն բավարարում»։

Անդրանիկ Շիրինյան

Հայաստանում «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանն էլ խոսքի ազատության մասին ասաց․ «Ըստ մեր դիտարկումների՝ ՀՀ-ում խոսքի ազատությունն ամենամեծ առաջխաղացումն է ունեցել հեղափոխությունից հետո։ Սա այն ոլորտն է, որտեղ մեր երկրում թռիչքային առաջխաղացում եղավ։ Կարծես խոսքի ազատության պաշտպանությունը քիչ թե շատ շարունակում է լինել բաց տարածք, բայց միևնույն ժամանակ կուզեմ առանձնացնել մի քանի դեպքեր, որոնք մեր ուսումնասիրության առարկան են եղել՝ հավաքների ազատությունը և ոստիկանական բռնությունները։ Նաև ուզում եմ առանձնացնել իշխանության ներկայացուցիչների կողմից՝ լրատվամիջոցների թիրախավորումը, բազմաթիվ հայցեր են բերվել դատարաններ մեդիաների դեմ։ Սա կարող է ազդել նաև խոսքի ազատության վրա և հանգեցնել նրան, որ մեդիաները սկսեն զբաղվել ինքնագրաքննությամբ։ Ոչ միայն մեդիաները, այլև քաղաքացիները ու իրավապաշտպանները ՀՀ-ում զբաղվում են ինքնագրաքննությամբ։ Կան բաներ, որ մարդիկ հանրային չեն խոսում դրա մասին»։

Հասմիկ Հարությունյանն էլ նկատեց․ «2018-ից հետո կար որոշակի միտում խոսքի ազատության և իրավունքների պաշտպանության ավելի ընդլայնման առումով։ Արձանագրենք, որ դա ոչ թե իշխանության կողմից ձեռնարկված կոնկրետ գործողությունների արդյունք էր կամ վաստակ ռեֆորմների առումով, այլ քաղաքական լայն գործընթաց, որի պարագայում հասարակական իրավիճակ էր փոխվել։ Բայց ժամանակի ընթացքում արձանագրում ենք այս առումով հետընթաց և վտանգավոր զարգացումներ»։

Հասմիկ Հարությունյանը հիշեցրեց զրպարտության քրեականացման հետ կապված զարգացումները․ «Ութ-ինը ամսվա ընթացքում ունեցանք քրեական գործերի աճ։ Ցավոք, միտումները շարունակվում են։ Ականատես ենք վտանգավոր շատ զարգացումների խոսքի ազատության, ազատ խոսքի իրացման առումով, որն ատելության խոսք չէ, բայց քրեական պատասխանատվության և քրեական գործիքակազմի կիրառում է տեղի ունեցել։ Սա վտանգավոր է, որովհետև ազատ խոսքը, նույնիսկ եթե այն ցենզուրայից դուրս է գալիս, եթե շոկային, վիրավորական է, քաղաքական սուր քննադատություն է պարունակում, չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության։ ՀՀ-ում մենք արդեն քանի դեպքով արձանագրում ենք, որ նման իրավիճակում տեղի է ունենում քրեական հետապնդում։ Փորձ է արվում ճնշել, որ նմանատիպ զարգացումներ հետագայում տեղի չունենան և փորձ է արվում ճնշել այն անձանց, որոնք խոսում են և ազատ քննադատում։ Մենք կարող ենք քաղաքացիական այլ գործիքակազմեր կիրառել, բայց քրեական գործիքակազմի կիրառումը ծայրահեղ վտանգավոր է, որը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները ՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31