Լրահոս
Օրվա լրահոսը

Այս նորանկախ պետականության փորձառության ներառմամբ է, որ ձևակերպված է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. Մարիա Կարապետյան

Մարտ 11,2025 12:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընդդիմադիր շրջանակներից հաճախ են հնչում մեղադրանքներ, թե մենք ուզում ենք փոխել մեր ազգային ինքնությունը։ Սա մի անհեթեթ մեղադրանք է․ մեր ազգային ինքնությունը, որ դարերի պատմական փորձառության արդյունք է, չի կարող հատուկ ծրագրվել-փոխվել։ Մեր ազգային ինքնությունը կարող է փոխվել միայն ինքնուրույն՝ նոր փորձառության հիման վրա։

Հաճախ իրենց ելույթ-հոդված-հարցազրույցների կեսից այս մեղադրանքների հեղինակ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու հրապարակախոսները գիտակցում են մեղադրանքի անհեթեթությունը՝ մի՞թե մեր ազգային ինքնությունը այնքան փխրուն է, որ այն կարելի է ծրագրել-փոխել։

Եւ այդժամ նրանք վերաձևակերպում են մեղադրանքը, թե իբր մենք ցանկանում ենք ճնշել մեր ազգային ինքնությունը, ինչպես օրինակ Խորհրդային Միությունն էր դա անում։ Սա ևս անհեթեթ մեղադրանք է, որովհետև հնարավոր չէ ճնշել ազգային ինքնությունը, եթե այդ ինքնությունը կրողները ազատ ընտրությունների միջոցով են ընտրում քաղաքական առաջնորդներին ու քաղաքական ծրագրերը։

Ես համոզված եմ, որ անկախ Հայաստանի ժողովուրդը, հենվելով իր նորանկախ Հանրապետության տասնամյակների փորձի վրա, պարզապես չի ցանկանում լինել ո՛չ Օսմանյան Կայսրության մեջ գործող ֆիդայի, ո՛չ էլ Խորհրդային Միության մեջ գործող դիսիդենտ, ո՛չ էլ դրա խառնուրդը՝ «եվրոֆիդայի»։ Ողջ երախտագիտությամբ անցյալի իրական ֆիդայիների և դիսիդենտների նկատմամբ, ո՞րն է իմաստը նրանց գործը անելու, եթե անկախ Հայաստանը արդեն կա և անհրաժեշտ է նրա մասին հոգ տանել։

Այս նորանկախ պետականության փորձառության ներառմամբ է, որ ձևակերպված է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, և ես համոզված եմ՝ մեր քաղաքացիները այդ գաղափարների մեջ ճանաչում են իրենց ընտանիքներում, իրենց մտերիմների հետ տարիներ շարունակ ծավալված խոսակցությունները՝ անկախ պետության քաղաքացիների կարիքների և իղձերի մասին խոսակցությունները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31