Օրերս հայ հանրությունը ակտիվորեն քննարկում էր հայ դերասանների մասնակցությամբ Շոն Բեյքերի՝ մի քանի «Օսկար» ստացած «Անորա» ֆիլմը: Սակայն Լոս Անջելեսում կայացած «Օսկարի» 97-րդ արարողության հետ կապված եւս մեկ հայի՝ կանադաբնակ նկարիչ, զարդագործ Գայանե Ավետիսյանի անունն է բարձրաձայնվել, որին անդրադարձել է «Ֆորբսը»:
Օսկարակիր դիզայներ Պատրիս Վերմետը կարմիր գորգի վրայով քայլելիս ներկայացել է հնագույն Bixlers ապրանքանիշի ադամանդակուռ կրծքազարդով եւ ճարմանդներով, որի ստեղծմանը մասնակցել է մեր հայրենակցուհին:
Aravot.am-ի հետ զրույցում Գայանե Ավետիսյանը պատմել է, թե ինչպես են իրեն դիմել թանկարժեք զարդեր ու աքսեսուարներ ստեղծող Bixlers ընկերությունից եւ առաջարկել մասնակցել Պատրիս Վերմետի համար նախատեսված զարդերի պատրաստմանը:
Կարդացեք նաև
«Ինձ հետ կապվեցին եւ հարցրին՝ արդյոք կուզենայի՞ մասնակցել այդ նախագծին: Իրենց մեդիայի ղեկավարն ասաց՝ քանի որ դու հայ ես, գուցե այս դիզայնը քեզ մի բան հիշեցնի: Հենց տեսա, մտածեցի մեր Կասկադն է: Ասացի՝ մեր ճարտարապետությունից մի բան է հիշեցնում: Ասաց՝ հենց դա է, Պատրիսը Հայաստան ճամփորդած ժամանակ (հավանաբար «Ոսկե ծիրանին» մասնակցելու ընթացքում) է նկարել Կասկադն ու ոգեշնչել:
Ապա որոշել էր, որ դա պետք է հիմք հանդիսանա իր կրծքազարդի դիզայնի համար: Ես շատ հուզված էի, որովհետեւ Կասկադի աստիճանների մոտ եմ մեծացել ու ամբողջ երիտասարդությունս այդտեղ է անցել: Կրծքազարդի դիզայնը մեր Կասկադի արեւային ժամացույցը հիշեցնող էլեմենտն է: Դրա վրա եմ էմալի տեխնիկայով աշխատել» ,-ասաց Գայանե Ավետիսյանը:
Կանադաբնակ զարդագործի հետ հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ