Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հասկացանք, որ թեպետ մենք էլ մեր դերն ունեցել ենք, սակայն մենք չէինք նրան իշխանության բերողը. Սոֆյա Հովսեփյան. «Հրապարակ»

Մարտ 11,2025 10:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:

– Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմության ներսում ծավալված վեճին, թե «ով է բերել Նիկոլին», եւ հայտարարեց, թե ժողովուրդն է իրեն իշխանության բերել, ժողովուրդն էլ կարող է հեռացնել: Բայց նրա էջի մեկնաբանություններից պարզ երեւում է, որ ժողովուրդն ուզում է նրան հեռացնել: Վերջին ՏԻՄ ընտրությունները նույնպես փաստեցին, որ հասարակությունը ՔՊ-ին ձայն չի տալիս: Փաշինյանը ո՞ր ժողովրդի մասին է խոսում: 

– Նա ապավինում է իր հավատարիմների թվին, սակայն այդ թիվն օր-օրի նվազում, փոքրանում է, դա տեսնում ենք բոլորս: Նիկոլի հույսը ՏԻՄ ընտրություններն են: Այս պահին փորձում են երկրորդ քաղաքն իրենց ձեռքը վերցնել, նորից զոռբայությունների են փորձում դիմել, ինչպես Փարաքարում, Վանաձորում: Կապանում դեռ խնդիր ունեն, եւ այսպես շարունակ: ՏԻՄ ընտրությունների միջոցով Փաշինյանը փորձում է իր համար լեգիտիմություն ապահովել, բայց փաստացի մենք կիրակի օրը տեսանք, որ Գյումրին շատ վատ ընդունեց նրան, կարելի է ասել` չընդունեց: Սա ցուցիչ է, որ ժողովուրդն այլեւս իր հետ չէ: 2018 թվականի ժողովուրդը 2021-ին նվազեց էականորեն, հիմա էլ առհասարակ համեմատելու բան չկա: Ժողովուրդ չկա այս իշխանության կողքին: Նա իր հույսը դնում է փոքր թվի վրա, բայց այդ փոքր զանգվածն այլեւս ոչինչ չի կարող անել: Այժմ այլ հարց է առաջանում` Փաշինյանի դեմ պայքարող զանգվածը կհամախմբվի՞, թե՞ ամեն մեկն առանձին-առանձին իր էշն առաջ կքշի: Նիկոլը հենց դրանից է օգտվում, ի տարբերություն իր գոյությունը չցանկացող զանգվածի, իշխանության ներսում աշխատում են իրար շահերով կապակցված: Ստացվում է, որ իշխանական թիմն այսօր ավելի հավաք է, քան իշխանության դեմ պայքարողները:

– Խոսքն ընդդիմությա՞ն մասին է:

– Այո, թե՛ ընդդիմության, թե՛ ընդդիմության շարքերից դուրս այն մարդկանց, ովքեր տանել չեն կարողանում Նիկոլ Փաշինյանին, սակայն չեն էլ համախմբվում: Սա մեծ խնդիր է: Մարդիկ ուղղակի չեն ընդունում Նիկոլին, սակայն ոչ մի այլ թիմում չեն կարողանում համախմբվել, որպեսզի ուժ դառնան եւ հարցը լուծեն` այնպես, ինչպես 2018 թվականին արվեց, թեեւ արդեն ակնհայտ է, որ 2018-ին մի շարք գործոններով պայմանավորված տեղի ունեցավ իշխանափոխություն:

– Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրար են մեղադրում` «Նիկոլին իշխանության բերելու» համար: Ի վերջո` ո՞վ է Փաշինյանին բերել իշխանության. նախկին նախագահնե՞րը, դրսի ուժե՞րը, թե՞ հասարակությունը:

– Եթե ինձ այս հարցը տայիք 2018-2019 թվականներին, ես ինձ կհամարեի ամենակարող եւ կասեի, թե մենք ենք նրան բերել իշխանության, բայց հետագայում, երբ ակնհայտ դարձավ, թե ինչպես է ամեն բան տեղի ունեցել, մենք հասկացանք, որ թեպետ մենք էլ մեր դերն ունեցել ենք, սակայն մենք չէինք նրան իշխանության բերողը: Պայքարում էինք, արձանագրեցինք փոքրիկ հաջողություններ, բայց հանձնվեց Արցախը, եւ պարզ դարձավ, որ գլոբալ համաձայնություն է տեղի ունեցել: Այդ ամենը եղել է բոլոր կողմերի համաձայնությամբ, չգիտեմ՝ Քոչարյանը մաս կազմո՞ւմ է այդ ամենին, թե՞ ոչ, սակայն վստահ եմ, որ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս ազդեցություն ունի բոլորի վրա…. ես ամեն անգամ ցավով երանի եմ տալիս Սերժի ժամանակները, մեր կռիվն այն ժամանակ հոսանքի մի քանի դրամ թանկացման, տրանսպորտի 50 դրամի համար էր, մանր սոցիալական հարցեր էին, հիմա երանությամբ ենք հիշում այդ ամենը: Բայցեւայնպես, նախկին բոլոր իշխանությունները, իրար վրա մեղքեր բարդելու փոխարեն, թող ամեն մեկն իր բաժին մեղքն ընդունի, քանզի Նիկոլի՝ իշխանության գալու համար բոլորն են մեղավոր, եթե մեղավոր չլինեին, Նիկոլը չպետք է գար, չպետք է հանձներ իրենց ազատագրած Արցախը: Եթե այդ ամենը թույլ տվեցին, ուրեմն բոլորն էլ մի կաթսայում են եփվել, արդյունքում հայ ժողովրդին միայն այսքան կորուստ ու ցավ մնաց:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31