Նիկոլ Փաշինյանը բեմականացված այց էր կատարել Գյումրի՝ իր առաջադրած քպական թեկնածուին սատարելու նպատակով: Ու, ինչպես արդեն հայտնի է, վերստին խոսեց… «նախկինների թալանի», իբր այդ «թալանը» հատիկ առ հատիկ հետ բերելու մասին՝ «բրաբուս առ բրաբուս», «յաշիկ առ յաշիկ»… Մի խոսքով, ստացվեց տիպիկ փաշինյանական քարոզչական «ճաշիկ»:
Հարցն այն չէ, որ իր իսկ 7 տարվա ավերակիչ ու աղետային կառավարումից հետո վերստին 2018-ի և անգամ դրանից առաջվա «հին Փաշինյանի» բառամթերքին անցնելը հիմա շատ ավելի փուչ ու նույնիսկ ինքնածաղրանքի պես է հնչում: Չնայած, դա իսկապես էլ նման է Փաշինյանի կողմից ինքն իրեն «պարոդիա» անելու: Ավելին, հարցն այն չէ անգամ, որ նրա այդ հայտարարությունները գործնականում բովանդակազուրկ են: Բուն հարցն այն է, որ ամենից առաջ ինքը՝ Փաշինյանը, և ապա՝ իր գլխավորած իշխանությունը, 7 տարի շարունակ, իսկ վերջին մի քանի տարիներին՝ եռապատկված ջանքերով ամեն ինչ արել են, որպեսզի իրենց այլևս ոչ մի խոսքին ոչ մի նորմալ մարդ երբեք ու ոչ մի դեպքում չնչին չափով անգամ չհավատա:
Ու ահա, 7 տարվա աղետային իշխանավարումից, բոլոր հնարավոր ուղղություններով ամեն ինչ տապալելուց, Արցախն ուրանալուց, երկիրը անվտանգային լրջագույն սպառնալիքների տակ դնելուց, հազարավոր զինվորների մահվան մատնելուց, կոռուպցիայի ու պետական միջոցների անընկալելի մսխումներից հետո Փաշինյանը նորից հիշել է 2018-ի իր «թավշահեղափոխական» ելույթները, կաղապարները, «թալանը», «նախկինները» ու այդպես շարունակ…
…Մյուս կողմից՝ բացահայտից էլ բացահայտ էր, որ Փաշինյանը Գյումրի էր այցելել երկրի երկրորդ քաղաքում նախատեսված ընտրությունների հետ կապված: Ըստ երևույթին, Փաշինյանն այս այցը կազմակերպել էր, որպեսզի ցույց տա, որ ինքը խորապես թքած ունի օրենքի և օրինականության վրա: Բանն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը զբաղված էր նախընտրական քարոզչությամբ: Սա այն դեպքում, որ Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկելու է միայն… մարտի 15-ից:
Կարդացեք նաև
Սա ընտրական արդար մրցակցության սկզբունքի ևս մեկ կոպտագույն ու խայտառակ ոտնահարում է, վարչական ռեսուրսի ճչացող չարաշահում, այսինքն, այնպիսի գործողությունների դրսևորում, որոնց մասին «ընդդիմադիր աշխատած» տարիներին անդադար աղմկում էր նույն Փաշինյանը:
Դա, ի դեպ, կարելի է մեկնաբանել նաև որպես իրենց դիրքերի ակնհայտ թուլության խոստովանություն: Այսինքն, հրաշալի հասկանալով, որ Գյումրիում (թեպետ, ինչու միայն Գյումրիում) Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակցության դիրքերն ու գործերն այն աստիճանի անմխիթար են, վարչապետի պաշտոն զբաղեցնողն անձամբ է եկել «գործին խառնվելու»: Այն էլ պարզվեց, որ գյումրեցիներին ոչ մի բան չունի առաջարկելու, ոչ մի բան չունի ասելու, վերը նշված ու բոլորին ձանձրացրած, գյումրեցիների ասած՝ «նադայել էրած» «երգերից» բացի:
Մեծ հաշվով, Փաշինյանի համար Փարաքարն ու Գյումրին դիտարկվում են որպես «գլխավոր փորձ»՝ հնարավոր համապետական ընտրություններից առաջ: Այսինքն, այսպիսով երևակվելու են ոչ միայն ընտրողների տրամադրությունները, այլև այն, թե ինչով է Փաշինյանը ուզում գնալ ընտրությունների: Իսկ նա չի կարող գնալ արդար ու ազնիվ ընտրությունների, որովհետև այդ դեպքում նույնիսկ 10 տոկոս չի ստանա: Ուրեմն, գործնականում ունենալով գերազանցապես ոստիկանական մահակների ու ընդհանրապես վարչական ռեսուրսի աջակցությունը՝ Փաշինյանը գնալու է դրանք կիրառելու ճանապարհով, իսկ մինչ այդ փորձարկում է հին ստերն ու հնարքները խաղարկելու տարբերակը՝ որպես սոուս: Չնայած, ակնհայտ է, որ իր բղավոցներն ու «բորդյուր լիզելու», «ասֆալտին ծեփելու» անհամարժեք արտահայտությունները այլևս էն «ջահել վախտվա» ազդեցությունը չունեն: Նույնը՝ «քյաբաբ առ քյաբաբ», «մեքենա առ մեքենա», «մի թիզ հողակտոր առ հողակտոր» ու այս կարգի այլ ֆրազները:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից