Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում ողջ ուժով «ժողովրդավարություն» է հաստատվում

Մարտ 11,2025 10:00

«Ի՞նչ է՝ հավերժ թշնամի՞ լինենք, դուք չե՞ք ուզում, որ մենք բնականոն հարաբերություններ հաստատենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»: Մոտավորապես այսպիսի «փաստարկներով» է կռիվ տալիս նիկոլականների «կրթված» մասը: Չեմ բացառում, որ Փաշինյանի ընդդիմախոսների մեջ կան նաեւ «հավերժ թշնամության» կողմնակիցներ: Բայց իմ կարծիքն այլ է:

Ես կողմ եմ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելուն: Պարզապես վստահ եմ, որ Անկախության հռչակագիրը չեղարկելը, Արարատից հրաժարվելը, Ցեղասպանությունը ուրանալը ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ հարաբերությունների բարելավմանը: Մենք, այո, կարող ենք լինել նորմալ հարեւաններ («բարի», «ջերմ» հարեւաններ, ենթադրում եմ, մոտակա տասնամյակներում չենք լինի): Դրա համար անհրաժեշտ է մի բան՝ որ այդ հարեւաններին քաղաքական եւ ռազմական առումով ձեռնտու չլինի մեզ վրա հարձակվել:

Ով պետք է ապահովի այդ քաղաքական եւ ռազմական անվտանգությունը: Բնականաբար, առաջին հերթին մեր բանակը եւ մեր դիվանագիտությունը: Եթե ավելի խորը գնանք, ապա հասարակությունը պետք է մոտիվացիա ունենա՝ պաշտպանելու իր պետությունը: Անհավատության, նիհիլիզմի, սեփական ինքնության եւ արժանապատվության մերժման մթնոլորտում նման մոտիվացիա չի առաջանում:

Բայց, բացի այդ ամենից, մեր նման պետությունը պետք է ունենա հզոր դաշնակիցներ, որպեսզի հիշյալ հարեւանները հնարավորություն չունենան հարձակվելու: Ռուսաստանից մենք հիասթափվել ենք, եւ դրա համար, ճիշտն ասած, բոլոր հիմքերն ունենք: ԱՄՆ-ին մենք ակնհայտորեն չենք հետաքրքրում: Բացառման սկզբունքով մնում է Եվրոպան:

Բայց եկեք տեսնենք, թե ինչ է այս օրերին կատարվում Սիրիայում: Այդ երկրում հաստատված թրքամետ ռեժիմը (ըստ էության, Թուրքիան) ալեվիների, քրիստոնյաների եւ շիաների սպանդ է իրականացնում: Ինչպես է դրան արձագանքում Եվրամիությունը: Ամեն ինչում մեղավոր են… «նախկինները», այսինքն՝ տվյալ դեպքում Ասադի ռեժիմը: Այդ ռեժիմը բռնապետական էր, իսկ հիմա, երբ Սիրիայում իշխանության են եկել սուպերդեմոկրատները, «նախկինները» խոչընդոտում են այդ երկրում ժողովրդավարական դրախտի կառուցմանը:

Իհարկե, չեմ պատրաստվում ԵՄ-ին ինչ-որ բանում մեղադրել՝ Բրյուսելն իր հաշվարկներն ունի. հիմա, Թրամփի հետ մի փոքր «թարսվելուց» հետո, ԵՄ-ն (եւ Բրիտանիան) իրենց հայացքներն ուղղում են դեպի Թուրքիան եւ արաբական նավթային միապետությունները: Նորմալ է, միայն թե՝ ժողովրդավարության մասին խոսակցություններն են մի տեսակ ոչ պատեհ:

Բայց մեզ համար առավել կարեւոր է այն, որ ԵՄ-ն շահագրգռված չէ հակազդելու Թուրքիայի փաստացի ագրեսիային Սիրիայի դեմ եւ այդ երկրի քաղաքացիների բնաջնջմանը կրոնական եւ էթնիկ հիմքով: Դա պետք է, որ մեզ համար դաս լինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Թուրքիայի և ադրբեջանի հետ կապված դիտարկումներն լիարժեք են և իրական, շնորհակալություն։
    Իրականում ինձ համար ամենաանհասկանալին այն է, որ Ռուսաստանից հիասթափվելու համար մեզ փաստացի ոչ մի ապացույց անհրաժեշտ չէ, միայն հուզական խոսքերն բավարար են։
    Միևնույն ժամանակ <> հույս ենք կապում Եվրոպայի հետ, որը 2020-2023 թվականներրին որևիցէ առարկայական օգնություն Հայաստանին չեն տրամադրել, իսկ իրականում Շ․Միշել Է․Մակրոն զույգը համահեղինակն էր Եվրոպայի անունից Պրագայում կազմակերպված <> տրագեդիայի բեմադրության։ Սակայն կրկին մեղավորը <>։
    Վայելում ենք 2018 ի ստի ու կեղծիքի շարունակական հաղթարշավը։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Սահակ, խնբդրում եմ, չակերտների այս ձեւը չկիրառեք: Մեջից բառերը կորում են 🙂 Ծրագրի համար ընդունելի են այս «» եւ այս “” ձեւերը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31