Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը գրում է.
Հարգելի’ ընկերներ,
Արդարությունը կարծես վերականգնվում է։
Ալավերդի համայնքում ապօրինի իշխանազավթում իրականացրած շրջանակների որոշ ներկայացուցիչներ մինչ 2023 թվականի դեկտեմբերի 5-ը և անգամ դրանից հետո տարբեր հարթակներում բազմիցս շահարկել են Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալներ Արտուշ Աբելյանի և Սասուն Վարդումյանի նշանակման հարցը՝ համարելով այն ապօրինի։
Կարդացեք նաև
Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակած վճռով բավարարեց Արտուշ Աբելյանի և Սասուն Վարդումյանի հայցը՝ ընդդեմ Ալավերդի համայնքի ղեկավարի։ Ըստ դատական վճռի՝ համայնքի ղեկավարի տեղակալներն ազատվել են աշխատանքից առանց որևէ իրավական հիմքի, որով և նրանց ազատման որոշումները դատարանի կողմից ճանաչվել են անվավեր։
Սա կարծես նմանվում է ֆարսի. համայնքի ղեկավարի տեղակալների նշանակումը ժամանակին ապօրինի համարողի որոշումներն այսօր արդեն անհիմն է որակվում դատական ատյանի կողմից։
Այս ամենը վերականգնվող արդարության մի մասն է, որն անկախ ժամանակային ընթացքից՝ էապես մեծացնում է արդարադատության վերականգնման հանդեպ ունեցած սպասելիքները։
Շնորհակալ եմ մեր ընկերներին, գործընկերներին և պարզապես մտահոգ այն քաղաքացիներին, ովքեր այս ողջ ընթացքում արտահայտել են իրենց անկեղծ մտահոգությունն իրականացվող դատավարական գործընթացների մասին։
Արդարությունն անպայմանորեն հաղթանակելու է՝ ի շահ Ալավերդի համայնքի և նրա բնակիչների։ Իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին։