2024 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 30 միլիարդ 159 միլիոն դոլար, որի 42 տոկոսը կամ 12 միլիարդ 702 միլիոնը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին: ԵՄ-ի մասնաբաժինը 7, 7 տոկոս է կամ 2 միլիարդ 35 միլիոն:
«ԵՄ-ում հարկային հարաբերությունները, ընդհանրապես մաքսասակագնային օրենսդրությունը միասնականացված է: Այսինքն, ԵՄ անդամ երկրները չունեն իրենց ներքին օրենսդրությունը, ներքին օրենսդրության սուվերենությունը: ԵԱՏՄ-ի պարագայում տրամագծորեն հակառակն է. միասնականություն կա միայն մաքսասակագնային հարաբերություններում: Այսինքն, կա միասնական Մաքսային օրենսգիրք եւ անգամ օրենսգրքի ընդունումից հետո, փոքրիկ երկրներին, այդ թվում մեզ, Ղրղզստանին, մեզ ավելի շատ, տրվեցին առավելություններ՝ 800 եւ ավել ապրանքների համար: Այսինքն, համակարգը մի քիչ ավելի ճկուն է աշխատել: Օրինակ, ԱԱՀ-ի մասով մենք ունենք ներքին օրենսդրության սուվերենությունը, ԵԱՏՄ-ն որեւէ կերպ չի կարգավորում մեր ազգային օրենսդրությունը, բայց ԵՄ-ում գործում է ԱԱՀ-ի միասնական կարգավորում, ըստ որի, ամբողջ ԵՄ տարածքում գործում է ԱԱՀ-ի անուղղակի հարկման համակարգը»,- ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հարկային քաղաքականության մասին այս մանրամասներն այսօր, «Սպարապետ» կենտրոնի կազմակերպած՝ «Հայաստանի ռազմավարական տնտեսական ընտրությունը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. հեռանկարներ եւ հնարավորություններ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ մանրամասնեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Լա՞վ է սա, թե՝ վատ, ըստ բանախոսի պետք է նայենք ընդհանրապես, թե ինչպիսի՞ զարգացումներ են տեղի ունենում աշխարհում: Նա հիշեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից մեկը, ըստ որի, այն երկրները, որոնք ամերիկյան ապրանքների նկատմամբ իրենց երկրներում ԱԱՀ են կիրառում, այդ ԱԱՀ-ն ԱՄՆ-ը հավասարեցնելու է տարիֆային քաղաքականությանը: Այսինքն, եթե տվյալ երկրի տարածքում գործում է 20 տոկոս ԱԱՀ, այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ը 20 տոկոս մաքսատուրք է կիրառելու. «Սա լա՞վ է, թե՝ վատ, բայց տեսակետ է, որը պետք է հաշվի առնենք: Ողջ ԵՄ-ն ունի միասնական համակարգ, որի առումով արդեն հնչել է տեսակետ»:
ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների մասով էլ, ըստ Դավիթ Անանյանի թվերն ամեն ինչ ասում են. 2024 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 30 միլիարդ 159 միլիոն դոլար, որի 42 տոկոսը կամ 12 միլիարդ 702 միլիոնը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին: ԵՄ-ի մասնաբաժինը 7, 7 տոկոս է կամ 2 միլիարդ 35 միլիոն:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, եթե անգամ բոլոր հուզական, մշակութային եւ կուլտուր-լուսավորչական հարթությունները թողնենք մի կողմ, Հայաստանն այսօր ԵԱՏՄ-ից դուրս գալու որեւէ հիմնավոր պատճառ չունի:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ