Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոլանն իմ անունով ՍՊԸ բացեց, հետո քննչականում իմացա, որ Բժշկականից են գումարը փոխանցել, բայց թե այդ գումարն ինչ է եղել, տեղյակ չեմ». Աշոտյանի եւ մյուսների գործով հարցաքննվեց հերթական վկան

Մարտ 10,2025 21:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց վկա Արեւիկ Աբրահամյանը, որն աշխատել է Աշոտյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ռոլան Դավթյանի հետ։ Վկան ասաց, որ ամբաստանյալներից միայն Ռոլան Դավթյանին է ճանաչում, իսկ Արմեն Աշոտյանին հեռուստացույցով է տեսել։

«Ռոլանն ինձ առաջարկեց՝ հնարավորություն կա ՍՊԸ բացել քո անունով, գումարի դիմաց գան հանգստանան քոթեջներում, հետո սնվեն։ Ես համաձայնեցի, ՍՊԸ-ն բացեցինք, գումարը փոխանցվեց, մենք միասին գնացինք բանկ, գումարը ստացանք։ Գումարը բանկից Ռոլանը վերցրեց, ես շարունակեցի իմ աշխատանքը։ Ամառվա ընթացքում ունեցել ենք հանգստացողներ, որ եկել են, սնվել են, բայց ես չեմ իմացել, թե ովքեր են։ Հետո արդեն սեզոնը վերջացավ, 2017 թվականին նորից աշխատել եմ Ռոլանի հետ, էլ չեմ աշխատել։ Հետո ես հարցաքննության ժամանակ իմացա, որ Բժշկականից են գումարը փոխանցել, բայց թե այդ գումարն ինչ է եղել, բացարձակ տեղյակ չեմ»,- ասաց վկան։ Հարցին, թե հանգստացողները նույնպե՞ս Բժշկական համալսարանից էին, նա պատասխանեց, որ տեղյակ չէ։

Ըստ վկայի՝ հանգստյան գոտին եղել է Սեւանի թերակղզում՝ քոթեջներ ու տաղավարներ էին։ Ասաց, որ ինքը եղել է ՍՊԸ տնօրենը, բայց ձեւական, որեւէ փաստաթուղթ չի ստորագրել։ «ՍՊԸ-ն բացել է իմ անունով, գումարը ստացել է Ռոլանը, ես էլ անցել եմ իմ խոհարարությանը, ուրիշ ոչ մի բանից տեղյակ չեմ»,- ասաց նա։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս ամբաստանյալները մեղադրվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով։ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31