Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանը իր պաշտոնավարման ժամանակ փոխել է 3 նախագահ և 5 վարչապետ, վստահեցնում եմ՝ դուք կլինեք 6-րդը»․ Գյումրու նախկին քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Մարտ 10,2025 21:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում իր կուսակիցների առջև բավական ծավալուն ելույթ ունեցավ ապօրինի գույքի վերադարձման թեմայով՝ խոստանալով «Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր»,«Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ առ Յաշիկ» վերադարձնել պետությանը։

Անդրադառնալով Գյումրիում կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններին, կոշտ հայտարարություններ արեց մրցակիցների հասցեին, ընդհուպ մինչև նրանց առնետների հետ համեմատեց, որոնք, ըստ նրա, նկուղներից դուրս են եկել փողոց ու քաղաքական արշավ են իրականացնում՝ հանուն թալանի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու։

«Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։

Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի ՀՀ-ին և ժողովրդին՝ ի սեփականություն», -ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա խոստացավ նկուղներից դուրս եկածներին հետ ուղարկել։

«Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք առնետային պադվալները, որտեղ իրենք սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը», -հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ապօրինի գույքի հասցեատերերին թվարկելիս՝ տվել էր նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը, որը մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին գլխավորելու է «Կոմունիստական կուսակցության» ցուցակը։

Այսօր Վարդան Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է նրան․

«Նախօրեին ՀՀ առաջին դեմքի կողմից հայրաքաղաք Գյումրիում արտասանված ուղնուծուծով սուտ, պոպուլիստական և մաշված հեքիաթներին անդրադարձան շատերը՝ արժանի պատասխան տալով դրանց, և մեզ ասելու ընդամենը շատ քիչ բան թողեցին։ Ինչևէ, նախկին քաղաքապետի գրասենյակը անհրաժեշտ է համարում կատարել ևս երկու կարևոր նկատառում․

Չնայած վարչապետի հայտնի սուտասան լինելուն՝ կարիք կա բացահայտելու նրա արտաբերած այն սուտը, թե իբր Վարդան Ղուկասյանը, քաղաքապետ դառնալով, փորձում է փրկել իր իբր ապօրինի գույքը բռնագանձումից։

6-րդ դասարանի տարրական հասարակագիտություն իմացող երեխան նույնիսկ գիտի, որ յուրաքանչյուր պաշտոնավոր օրենքի կամ դատարանի վճռի առջև հավասար է ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Այդ պարագայում ինչպե՞ս կարող է քաղաքապետ առաջադրվելու շարժառիթը լինել դատարանի կայացրած վճիռը բեկանելը։ Այս անհեթեթ պնդումը, ցավոք, միայն մեկն է, երկրի ղեկավարի արտաբերած բազմապիսի մոլորություններից, որոնք ոչ այլ ինչ են, քան շուռ տված իրականություն, իսկ իրականությունն այն է, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ առաջադրվելու որոշումը ի սկզբանե ավելի մեծ ռիսկեր է պարունակում ինչպես այդ գույքի անօրինական բռնագանձման, այնպես էլ նրա բանտարկման հետ կապված։

ՀՀ կառավարությունը Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Անանիա Շիրակացի բարձր շքանշանով՝ Գյումրու տնտեսությանը զարկ տալու իր անուրանալի ներդրման համար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ամենաբարձր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով՝ Ամենափրկիչը վերակառուցելու համար, ինչպես և Համայն Ռուսիո պատրիարքը՝ Գյումրու ռուսական Պլպլան ժամի և Պատվո բլուրի հիմնովին բարեկարգման համար, Գրողների միությունը Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը թուրքերի ճանկերից գնելու (վարկային միջոցներով) և հայ համայնքին նվիրաբերելու համար։

Իսկ երկրի այժմյան վարչապետը ի հատուցում Վարդան Ղուկասյանի հայրենանվեր գործունեության՝ գետնին քցելով՝ նրան բերման է ենթարկում, հետո էլ թիկնապահներով շրջապատված հայտարարում, թե քաղաքական առնետներին պետք է ուղարկել իրենց «պադվալները»։

Մենք մեկ հարց ենք ուզում հնչեցնել՝ ուրիշ ինչպե՞ս կարելի է հասկանալ այս քաղաքականությունը, եթե ոչ վերջին հայկական պետության հետևողական ոչնչացում։

Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ թող չկարծի, թե սա Վարդան Ղուկասյանի վերջին մենամարտն է. Գյումրու քաղաքապետ Ղուկասյանը իր պաշտոնավարման ժամանակ փոխել է 3 նախագահ և 5 վարչապետ։ Վստահեցնում ենք, դուք լինելու եք 6-րդը»։

Նիկոլ Փաշինյանին կոշտ պատասխան էր հնչեցրել նաև ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանը։ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձել էր նաև Բալասանյաններին պատկանող «Սև բերդ» ամրոցին՝ համոզված հայտարարելով, որ այն ապօրինի սեփականաշնորհված գույք է։

Գյումրու նախկին քաղաքապետը նրան հիշեցրել է, որ ամրոցը գնել է մասնավոր անձից։

«Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին: Կարծում եմ, քեզ զեկուցող տգետներ շատ կան», ասել էր Սամվել Բալասանյանը։

Նա Նիկոլ Փաշինյանին նաև ասել էր, որ ամրոցը չի կարող դառնալ նրա «սիրելի հատիկառհատիկի կոնտենտ»։

«Ինչ վերաբերում է «Սև Բերդ»-ի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը,անմեղության կանխավարկած խախտելը,քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը՝ ստանալ ճիշտ տեղեկություններ: «Սև Բերդ» ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից այլ ոչ թե համայնքից: Այնպես որ, «Սև Բերդ» ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին: Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին, խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից»,- ասել էր Սամվել Բալասանյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31