Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ի հետ ինտեգրումը, փաստացի, լինելու էր ինտեգրում Թուրքիայի հետ». Կարինե Մինասյանը՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության մասին

Մարտ 10,2025 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵԱՏՄ կոլեգիայի նախկին նախարար-անդամ Կարինե Մինասյանն, ով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության բանակցողներից է եղել, այսօր, «Սպարապետ» կենտրոնի կազմակերպած՝ «Հայաստանի ռազմավարական տնտեսական ընտրությունը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. հեռանկարներ եւ հնարավորություններ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ  անդրադարձավ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության որոշման կայացման հարցին: Նա հիշեցրեց, որ ԵՄ-ի ստեղծման բանակցությունները, որոնք  դեռ նախորդ դարի 50-ականներից էին սկսվել՝ անվտանգային հարցերի համատեքստում եւ ի վերջո, 1990-ականներին ձեւավորվեց ԵՄ-ն՝ իբրեւ տնտեսական միություն, քանի որ անդամ երկրները՝ ռեսուրսների համար անվերջ մրցակցելու փոխարեն, որոշեցին տնտեսական համերաշխություն կնքել: Այս համատեքստում է բանախոսը ցանկանում փակել՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ն անդամակցելու քաղաքական բանավեճը:

Հարցի տնտեսական, մշակութային կողմին անդրադառնալով էլ, նա նկատեց, որ այսպիսով, որոշվեց ապահովել Հայաստանի ինտեգրումը քրիստոնեական աշխարհին, քանի որ այդ շրջանում հարեւան Վրաստանը թյուրքական ուղղությանն էր ինտեգրվել եւ արդեն իսկ տեսանելի էր, որ կրոնական եւ մշակութային էքսպանսիան անխուսափելի են լինելու. «ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրումը, փաստացի, լինելու էր ինտեգրում Թուրքիայի հետ»:

Երկրորդ պատճառը, այսպես կոչված՝ Հայկական աշխարհի ստեղծումն էր. ծրագրի նախաձեռնողը մի կողմից ՀՀ կառավարությունն էր, մյուս կողմից՝ այդ նախաձեռնությունում ակտիվորեն ներգրավված էր նաեւ Ռուբեն Վարդանյանը: Դա ենթադրում էր մի կոնցեպտի կիրառում, որը հնարավորություն կտար դեպի Հայաստան ներգրավել հայկական Սփյուռքի միլիարդավոր ներդրումները եւ աշխարհում կուտակված հայկական ինտելեկտուալ պոտենցյալը: Բանախոսի հավաստմամբ, այդ շրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը միանգամայն թույլ էր տալիս վստահություն ունենալ, որ հնարավոր է Մաքսային միության եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ դառնալ՝ իրականության վերածելով Լիսաբոնից – Վլադիվաստոկ կոնցեպտը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այդ շրջանում Հայաստանը նաեւ ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրման ակտիվ քայլեր էր անում զուգահեռաբար եւ այդ շրջանում հաջողվեց բավական բալանսավորված քաղաքականություն վարել:

Բանախոսի հավաստմամբ, ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը մեկ գիշերում չի կայացվել, ինչպես քաղաքական այրերն են սիրում ասել, քանի որ Հայաստանն ավելի վաղ էր սկսել ԵԱՏՄ-ին անդամակցելու բանակցությունները, ինչի վերաբերյալ փաստաթղթերը համացանցում հասանելի են: Իր բնութագրմամբ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ, Հայաստանին տրված արտոնությունների շնորհիվ, հնարավոր եղավ Հայաստանի համար տնտեսական շնչառություն բացել՝ առեւտրային քաղաքականության շնորհիվ, նաեւ ներքին շուկայի եւ ներքին արտադրողների պաշտպանությունն ապահովել: Կարինե Մինասյանի պնդմամբ, ԵԱՏՄ-ում Հայաստանը տնտեսական ինքնուրույնություն է ապահովում, քանի որ որոշումները կայացվում են մեկ ձայնի իրավունքով, մինչդեռ ԵՄ-ում, Հայաստանի նման փոքր երկրները ձայնի իրավունք չունեն եւ որոշումների կայացման վրա որեւէ ազդեցություն չունեն:

Ի՞նչ որոշում կկայացնի Հայաստանը՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե այլ համակարգերի ինտեգրվել, ըստ Կարինե Մինասյանի, պետք է լինի գիտակցված որոշում, որտեղ հաշվարկված կլինեն բոլոր դրական եւ բացասական կողմերը: Նոր ձեւավորվող աշխարհում, նա հատկապես կարեւոր է համարում նախաձեռնողական քաղաքականության վարումը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31