«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում վնասել Բաքվում պահվող հայերի ճակատագրին»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հնչող այն հայտարարություններին, թե իրենք ոչ հրապարակային գործողություններ են իրականացնում Բաքվում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։
Ըստ Աննա Մելիքյանի՝ ոչ մեկ չի պնդում, որ միայն պետք է հրապարակային հայտարարությունների արդյունքում հասնել արդյունքի․ «Եթե տեղին է այլ դիվանագիտական միջոցների գործադրումը, ոչ մեկ չի առարկի։ Պետք է նշեմ, որ մինչև 2023-ի սեպտեմբեր մեր պատվիրակության ելույթները հստակ էին և արձանագրում էին այն խնդիրները, խախտումները, որոնք կան։ Դրանից հետո մեր դիվանագետները պասիվացան հրապարակային կամ ոչ հրապարակային աշխատանքում։ Հենց միայն սոցցանցերին հետևեք այդ դիվանագիտական ներկայացուցիչների ելույթների մասով, կտեսնեք, որ ժամանակին հրապարակում էին՝ այս կամ այն խնդիրը բարձրացրինք և այլն, հիմա այլևս նման հրապարակումներ չենք տեսնում»։
Նա կարևորեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը, որտեղ նա բարձրաձայնեց Բաքվում պահվող անձանց դեմ խախտումների, պահման պայմանների հարցը ու նշեց․ «Ճնշումը անընդհատ պետք է լինի, որ խնդիրն օրակարգային պահվի։ Ազդեցությունը գուցե անմիջապես թույլ չի տալիս ազատել անձանց Բաքվից, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շատ են նյարդայնանում ամեն անգամ, երբ ստանում են նման գնահատական։ Իրենց համար կարևոր է լեգիտիմացնել իրենց գործողությունները։ Մի կողմից ձևացնում են, թե իրենց համար նշանակություն չունի, թե ինչ կասեն միջազգային կառույցները, մյուս կողմից ակնհայտորեն իրենց հայտարարություններից տեսնում ենք, որ շատ են նեղվում քննադատական խոսքից ու հրապարակումներից։ Մենք պետք է տեսնենք համապատասխան մանդատ ունեցող այլ պետությունների կողմից այդ խնդրի բարձրաձայնումը։ Մեզ համար բավարար չէ, որ դեսպանը կամ ԵՄ պատվիրակությունից ասեն, որ ուշադիր հետևում են Բաքվի դատավարություններին, որ արդար դատաքննություն իրականացվի։ Որևէ ակնկալիք չկա, որ արդար դատաքննություն կապահովվի Ադրբեջանում, բայց հատկապես նման վերժխնդրությամբ խնդիրը լուծելու համար ադրբեջանական իշխանությունների համար այս դատավարությունները պատրվակ են, ուստի այդ շրջանակում ակնկալել արդար դատաքննություն, միամտություն է»։
Աննա Մելիքյանի փաստմամբ՝ Բաքվում ընթանում է երկու գործընթաց՝ մի կողմից հայերի դեմ իրականացվողը և իրենց անկախ լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների նկատմամբ կատարվողը․ «Գուցե պետք է փորձենք կապիտուլացնել երկու գործընթացները միասին շարունակական ուշադրություն կենտրոնացնելու համար։ Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանություններն արթնանում են միայն լուրջ ճնշման ներքո, ոչ թե շարունակաբար գործողություններ են կատարում, ինչը ընդունելի չէ։ Կրկին տպավորություն է ստեղծվում, որ գնացքը բավականին արագ գնում է, իսկ մենք պարբերաբար հիշում ենք, վազում հետևից, բայց հենց ճնշումը պակասում է, կարծես դադարում ենք այդ ուղղությամբ աշխատել մինչև հաջորդ ռեակտիվ արձագանք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի