Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը եւս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի ռեժիմում

Մարտ 10,2025 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց, որպեսզի Աշոտյանը խափանման միջոց տնային կալանքը մնա անփոփոխ։ «Դեռեւս սույն գործով պահպանվում են իրավաչափության պայմանները, որոնք դրվել են Արմեն Աշոտյանի խափանման միջոցի որոշման հիմքում։ Եվ գտնում ենք, որ դատաքննության այս փուլում, երբ դեռ չի ավարտվել վկաների հարցաքննությունը, խափանման միջոցի վերացման կամ փոփոխման անհրաժեշտություն չկա»,- ասաց հանրային պաշտպանը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց․ «Ես պահանջում եմ վերացնել բոլոր խափանման միջոցները եւ առհասարակ խափանման միջոց չսահմանել»։

Փաստաբան Մարգար Սողոմոնյանը նշեց, որ վաղուց ժամանակն է այս խիստ սահմանափակումներն Արմեն Աշոտյանի նկատմամբ վերացնել։ «Մենք ի սկզբանե խոսում էինք այն մասին, որ պարոն Աշոտյանի նկատմամբ որեւէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Եվ, ինչպես ժամանակը ցույց տվեց, եւ պարոն Աշոտյանն ինքն իր վարքագծով ապացուցեց, մենք ճիշտ էինք։ Մեր խոսքերն ապացուցվեցին վկաների խոսքերով։ Բոլոր այն անձինք, ում վրա ենթադրվում էր, որ պետք է ազդեցություն գործադրվեր կամ արդեն գործադրվել էր, նրանք իրենց ներկայությամբ այստեղ փաստեցին, որ որեւէ ազդեցություն երբեք պարոն Աշոտյանի կողմից նրանց նկատմամբ չի կատարվել»,- ասաց Մարգար Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատավոր Վահե Դոլմազյանն ասաց, որ դատարան արձանագրում է՝ այն մտավախությունները, որոնք արձանագրվել են նախորդ որոշման մեջ, այդ մտավախությունները ամբողջությամբ չեն փարատվել ու չեն վերացել։ «Հետեւաբար, դատարանը գտնում է, որ տվյալ պահին տնային կալանք խափանման միջոցի վերացման հիմքեր չկան, տնային կալանքի ժամկետը երկարաձգվում է 3 ամսով»,- նշեց դատավորը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 31-ին՝ ժամը 16։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում  

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31