ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական եւ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Գյումրիում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր, Բրաբուս առ Բրաբուս, Յաշիկ առ Յաշիկ հետ են բերելու, ասաց. «Դրանով Նիկոլ Փաշինյանն ըստ էության ազդարարեց Գյումրիում եւ Փարաքար համայնքում նախընտրական արշավի մեկնարկը: Ընդ որում, հետաքրքիր է, որ իրենք իրենց նախընտրական արշավները սկսում են թալանով, որովհետեւ դրամ են հավաքում, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Ամեն ընտրությունից առաջ թալան իրականացնելը ավանդույթ է ՔՊ-ում: Իբրեւ իրենց ունեցած փողը քիչ է, լրացուցիչ փող պիտի հավաքեն ամեն ընտրությունից առաջ: Եվ ինչով է դա նշանավորվում: Խորհրդարանական ընտրություններից, թե մի ուրիշ միջոցառումից առաջ հայտարարեցին, որ մեկ օրվա ընթացքում հավաքվել է մոտ 260 միլիոն դրամ գումար: Բայց ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ նախընտրական հիմնադրամի գումարը չի կարող գերազանցել 100 միլիոն դրամը: Եվ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ եթե նախընտրական հիմնադրամում հավաքվում է ավելի շատ միջոցներ, քան օրենքով սահմանվածը, կարող է ծախսվել առավելագույն շեմով միջոցները, իսկ մնացած միջոցները, որը որ չի ծախսվում, պետք է փոխանցվի պետական բյուջե: Դա ընտրական օրենսգրքի կարգավորումն է:
Սկզբից հայտարարել էին, որ դրամահավաք է հանրաքվեի համար, հետո ասացին չէ, սա դրամահավաք է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար: Որ տեսան փողը շատ է, կեսից անունը փոխեցին, այդ փողը չգնաց պետական բյուջե, այլ մնաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:
Ամեն ընտրություններից առաջ, սրանք թալանի սեանս են կազմակերպում, որի մասին «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը պաշտոնական զեկույց է գրել, որտեղ ասում է, որ իշխող ՔՊԿ ֆինանսական միջոցները թափանցիկ չեն, անհայտ են դրանց ծագման աղբյուրները: Հիշո՞ւմ եք, իբր եղել էին մարդիկ, որոնք հանգանակություններ էին արել ՔՊԿ-ին, բայց պարզվեց, որ այդ մարդիկ անձնական միջոցներ չունեն: Այսինքն, ինչ-որ մեկը մի քանի մարդկանց անունով փողեր է վճարել այդ կուսակցությանը: Եվ դա արձանագրել էր «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» կազմակերպությունը:
Հիմա սրանք Գյումրիում տապալել են օրինական ընտրված իշխանությունը եւ փորձում են նորից իշխանազավթում իրականացնել: Բայց ակնհայտ է, որ խայտառակ վիճակում են: Նույնիսկ սեփական թեկնածու չունեն առաջադրման համար: Ըստ էության մարդկային, քաղաքական հարաբերություններում կիրառելով մինչ այդ «անասնագողության» հայտնի մեթոդները՝ Սարիկ Մինասյանին, որը նախկինում եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, մամուլում տեղեկություններ եղան, որ անդամակցել է նաեւ ՀՀԿ-ին, բերել են ՔՊ եւ խայտառակ ցածր վարկանիշով զգալով, որ տապալվում են այս ընտրություններում, ՔՊ-ի ամբողջ ղեկավար կազմով գնացել են Գյումրի:
Կարդացեք նաև
Երեկ, որ նայում էիր դահլիճում գտնվողներին, մեջները գյումրեցիներ չկային: Եվ քանի որ ծրագիր էլ չունեն, գնացել, Գյումրիում կանգնել է ու նույն պրիմիտիվ, մակերեսային, հետամնաց դատողություններով ասում է Ռենջ առ Ռենջ, Բրաբուս առ Բրաբուս, Յաշիկ առ Յաշիկ հետ են բերելու: Այսինքն, այնքան պրիմիտիվ է, որ չգիտի, որ «Բրաբուսը» մեքենայի մակնիշ չի, մի ընկերություն է, որը տարբեր մեքենաների տյունինգ է անում, հիմնականում համագործակցում է «Մերսեդեսի» հետ:
Կամ ասում է «Յաշիկ»: Ուզում եմ հասկանալ, թե «Յաշիկը» ինչ է: Վարչապետ լինես ու Մերսեդեսի մասին քո պատկերացումը լինի «Յաշի՞կ»: Դա նույնն է, ինչ հարցնես, իսկ ՈՒԱԶ-ը ինչ է, ասի «Բուխանկա»: Յաշիկ առ Յաշիկ բերողը մինչեւ հիմա դեռ ոչ մի բան չի բերել: Իր բերածը 15 թվի մի մետաղի ջարդոն է:
Միայն այդ «թալանը հետ բերողի» սպասարկման համար առել են երկու հատ «Մերսեդես», որոնք տարել, Ռուսաստանում զրահապատել են եւ դրանից հետո է ինքը օգտագործում: Ու ամեն մեկի մոտավոր արժեքը կազմում է $ 500 հազար: Եվ երկու հատ նոր մոդելի «Լեքսուս», որ նորից տարել, զրահապատել են: Այսինքն, միայն իրեն սպասարկող մեքենաների գումարը կազմում է մոտավորապես $ 2 միլիոն: Դրա հետ իրեն ուղեկցող ՊՊԾ աշխատողների համար ձեռք է բերել մի քանի գերթանկարժեք ավտոմեքենաներ:
Իր զուգընկերուհու համար, որը մինչ այդ ուներ 2019 թվականի արտադրության «Լեքսուս» սպասարկող մեքենա, 2023 թվականին առել են նույն թվականի արտադրության մոտավորապես $ 135 հազար արժողությամբ «Լեքսուս», որը սպասարկում է նրան:
Ու նա Յաշիկ առ Յաշիկ հետ բերելու մասին ասում է իր պաշտոնավարման յոթերորդ տարում, երբ իր այդ ասածը հնարավոր էր անել իր պաշտոնավարման յոթերորդ րոպեում»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ