Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն վերնագրին հղում անելը համապատասխան հետեւությունների համար անհրաժեշտ հիմքեր չի տալիս. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի զեկույցի դեմ Aravot.am-ի բողոքի կապակցությամբ

Մարտ 10,2025 18:16

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի «Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» զեկույցի դեմ Aravot.am լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի բողոքի կապակցությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ

ՕքսԵՋեն հիմնադրամի «Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» զեկույցի դեմ Aravot.am լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի բողոքի կապակցությամբ

Ա. ՓԱՍՏԵՐ

  • Aravot.am լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը 2025թ․ հունվարի 26-ին դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին եւ խնդրել է կարծիք հայտնել ՕքսԵՋեն հիմնադրամի՝ «Արտեմիս» դաշինք ծրագրով ֆինանսավորված եւ «Պայքար գենդերային ապատեղեկատվության դեմ․ վերափոխելով պատմույթը 2.0» մշտադիտարկման արդյունքում հրապարակված Ամփոփիչ զեկույցի այն եզրահանգումների վերաբերյալ, որոնք առնչվում են «Առավոտին» եւ ըստ Աննա Իսրայելյանի՝ արատավորում են լրատվամիջոցի համբավը:
  • Զեկույցում տեղ է գտել այս պնդումը. «Երկրորդ հորիզոնականում Aravot.am-ն է՝ 55 հրապարակում է եղել։ ․․․ Գենդերային ապատեղեկատվության տարածման հարցում առաջատարը Hraparak.am-ն է, որին հետեւում է Aravot.am-ը»:
  • «Առավոտին» վերաբերող 2 ակտիվ հղումներում քննության են առնված հոգեբան Կարինե Նալչաջյանի բնորոշումները «Հայելի» ակումբում եւ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքը Ազգային ժողովի նիստում։ Զեկույցում նշված է, որ aravot.am-ի 55 հրապարակումներում գենդերային ապատեղեկատվություն կա, սակայն, բացի վերոնշյալ երկուսից, այլ հղումներ չկան այդ ենթադրյալ խախտումներով տեքստերին։
  • Տեղեկատվական վեճերի խորհուրդը փետրվարի 28-ին հրապարակել է իր Կարծիքը։
  • Կարծիքի հրապարակումից առաջ կողմերի համաձայնությամբ եւ մասնակցությամբ ՏՎԽ-ն կազմակերպել է քննարկում վեճի շուրջ։
  • ՕքսԵՋենը հանդիպման պատրաստակամություն է հայտնել՝ գենդերային խնդիրների լուսաբանումը քննարկելու նաեւ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամների հետ։

Բ. ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ 

14 Փաստերի եւ տեղեկությունների շարադրանքը հստակ սահմանազատել կարծիքներից, վերլուծություններից եւ մեկնաբանություններից։

6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, ում հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։

6.3. Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։

4.13. Նախաձեռնության անդամ չհանդիսացող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել տվյալ լրատվամիջոցի համաձայնության դեպքում: Այսուհանդերձ, տվյալ ԶԼՄ-ի համաձայնության բացակայության դեպքում ԴՄ-ն իրեն իրավունք է վերապահում հրապարակման վերաբերյալ ներկայացնել փորձագիտական կարծիք՝ տարածելով այն իրեն հասանելի միջոցներով:

Գ. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

  • Հաշվի առնելով, որ տեղեկատվական ոլորտում ժամանակակից միտումները ընդարձակում են «լրատվամիջոց» հասկացությունը, եւ արձանագրելով, որ ՕքսԵՋեն հիմնադրամը բավականին լայն շրջանակներում հայտնի կազմակերպություն է, որի կայքը բաց, հանրային հարթակ է, որտեղ հրապարկվում են հասարակական կարծիքի վրա որոշակի ազդեցություն գործող, մեծ ծավալի եւ հանրային նշանակության նյութեր, Դիտորդ մարմինը համարում է, որ հիմնադրամի կայքով տարածվող բովանդակության նկատմամբ կիրառելի են լրատվամիջոցների էթիկայի սկզբունքները։
  • Հետեւաբար, ՕքսԵՋեն հիմնադրամի «Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» զեկույցի դեմ Aravot.am լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի բողոքը կարելի է դիտարկել Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի տեսանկյունից։
  • Դիտորդ մարմինը ողջունում է այն հանգամանքը, որ զեկույցի հրապարակումից առաջ ՕքսԵՋենը նախաձեռնել է դրա բովանդակության քննարկումը լրատվամիջոցների հետ։
  • Ողջունելի է, որ հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ծագած հարցերի առնչությամբ պարզաբանումներ ներկայացնել եւ մասնակցել են զեկույցի ու դրա վերաբերյալ բողոքի առցանց քննարկմանը ՏՎԽ անդամների եւ դիմումատուի, նաեւ՝ Դիտորդ մարմնի հետ։ Սա լիովին համահունչ է Լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 6.2. դրույթին։
  • Աննա Իսրայելյանի բողոքի առնչությամբ ՏՎԽ կարծիքի գնահատականներին համաձայնելով` ԴՄ-ն արձանագրում է, որ զեկույցի՝ առնվազն «Առավոտին» վերաբերող դրվագներում խախտվել է Կանոնագրի 1.4. դրույթը։ Մասնավորապես, հիմնադրամը որպես փաստ է ներկայացնում «գենդերային ապատեղեկատվության» 2 օրինակ, սակայն չի բերում բավարար հիմնավորումներ, որ դրանք համապատասխանում են «գենդերային ապատեղեկատվության» զեկույցում առաջարկած սահմանմանը՝ «…կեղծ եւ ապակողմնորոշող բովանդակություն, որը տարածվում է միտումնավոր մոլորեցնելու մտադրությամբ եւ անձին կամ անձանց վնաս հասցնելու նպատակով»։ Միայն վերնագրին հղում անելը համապատասխան հետեւությունների համար անհրաժեշտ հիմքեր չի տալիս։
  • Ավելին, զեկույցում արձանագրված է, որ մշտադիտարկման ընթացքում «Առավոտում» հայտնաբերվել են նույն սահմանմանը համապատասխանող 55 դրվագներ, սակայն, բացի վերոնշյալ 2 վիճահարույց օրինակներից, չի արվում այլ հղում դրանց, որեւէ մեջբերում չի ներկայացվում։
  • Դիտորդ մարմինը կարծում է, որ խնդրո առարկա զեկույցը պետք է գնահատել այն չափանիշներով, որոնցով գնահատվում են հանրային տիրույթում տարածվող մյուս տեղեկությունները։ Մշտադիտարկման մեթոդաբանությունը (ըստ զեկույցի ներածության) ենթադրում է, որ նպատակը եղել է գենդերային ապատեղեկատվություն պարունակող հիմնական դիսկուրսները բացահայտելը եւ դրանք տարածողներին հայտնաբերելը։ Սակայն այդ մեթոդաբանությունը չի բացատրում, թե «գենդերային ապատեղեկատվության» հատկանիշը հասցեագրելիս զեկույցի հեղինակները ինչպե՛ս են պարզել դրա «միտումնավոր լինելը» եւ «վնաս հասցնելու նպատակը»։ Ընդսմին, հնարավոր չէ հիմնավոր համարել նաեւ լրատվամիջոցների «դասակարգումը»։
  • Զեկույցի ներածությունը ենթադրում է նաեւ, որ պետք է ցույց տրվեր, «թե ովքեր են առավել հաճախ տարածում գենդերային ապատեղեկատվություն, օրինակ՝ լրագրողը / հաղորդման հեղինակը / հաղորդման հյուրը / ռեպորտաժի «հերոսը»։ Սակայն զեկույցում այդօրինակ տարանջատման վերաբերյալ քանակական տվյալներ ներկայացված չեն, ինչը ստեղծում է ընկալում, թե բոլոր հաշվարկված դեպքերում «գենդերային ապատեղեկատվության» հեղինակը եւ պատասխանատուն լրատվամիջոցն է։ Որպես «առաջատար» ընտրված լրատվամիջոցների, մասնավորաբար՝ «Առավոտի» համբավը կարող է արատավորվել բավարար հիմնավորումների բացակայության եւ մեթոդաբանության այդօրինակ թերությունների պատճառով։ Սա նույնպես տեղեկատվական այս վեճին անդրադառնալու հիմք է տալիս Դիտորդ մարմնին։
  • org.am կայքը Լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ, ուստի ՕքսԵՋեն հիմնադրամը պարտավոր չէ ընդունել կամ հրապարակել Դիտորդ մարմնի այս փորձագիտական կարծիքը։ Այսուամենայնիվ, ԴՄ-ն գործընկերների ուշադրությունը հրավիրում է Լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 6.3. դրույթի վրա (Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք)։
  • Դիտորդ մարմինը հիմնադրամին ու դիմումատուին առաջարկում է դիտարկել վեճի լուծման փորձարկված 2 տարբերակ։ Ա/ Հիմնադրամի ու «Առավոտի» ներկայացուցիչների հանդիպում «Առավոտի» կամ այլ լրատվամիջոցի էջերում/եթերում՝ ինֆորմացիոն բնույթի քննարկմամբ։ Բ/ ՕքսԵՋեն հիմնադրամի կայքում հրապարակել զեկույցի լրամշակված տարբերակը՝ հաշվի առնելով ՏՎԽ եւ ԴՄ կարծիքները։
  • Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 4 անդամներ մասնակցել են ՏՎԽ կազմակերպած առցանց հանդիպմանը եւ ԴՄ-ին ներկայացրել են տեղի ունեցած քննարկման հիմնական բովանդակությունը, Դիտորդ մարմինը նպատակահարմար չի համարել կազմակերպել եւս մեկ քննարկում՝ փորձագիտական կարծիքի ընդունումից առաջ։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում ԴՄ-ն պատրաստ է նպաստել վեճի լուծման գործում իր առաջարկած եղանակների իրականացմանը։
  • Դիտորդ մարմինը շեշտում է, որ այս փորձագիտական կարծիքի առարկան դիտարկելն է ՕքսԵՋենի զեկույցի բովանդակության համապատասխանությունը լրատվամիջոցների էթիկայի նորմերին։
  • ԴՄ-ն չի անդրադառնում մշտադիտարկված լրատվամիջոցների հրապարակումների քննությանը էթիկական սկզբունքների պահպանման տեսակետից։ Միեւնույն ժամանակ, Դիտորդ մարմինը պատրաստ է, հենվելով Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի վրա, ուսումնասիրել ՕքսԵՋենի հայտնաբերած խնդրահարույց հրապարակումները եւ կարծիք հայտնել, եթե լինեն համապատասխան բողոքներ։

Ընդունվել է 2025 թ. մարտի 10-ին՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով  

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Իրավաբան

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 88-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնության համաժողովում, 2024 թվականի մայիսի 18-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31