2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված ու անհայտ բացակայող ճանաչված արցախցիների ընտանիքները խնդրի առաջ են կանգնել․ բանկերը նրանցից պահանջում են վճարել հիպոթեքային վարկերը, որոնցով նրանք Հայաստանի տարածքում բնակարան են ձեռք բերել։
Արցախի Հանրապետության կառավարության 2022թ մայիսի 10-ի 505-Ն որոշմամբ Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ են տրամադրվել վերոնշյալ ընտանիքներին։ Ըստ որոշման՝ վկայագիրը երաշխավորում է Հայաստանի հանրապետությունում հիփոթեքային վարկի միջոցով բնակտարածքի ձեռք բերման նպատակով պետական աջակցության տրամադրում։ Կնքված պայմանագիրը եռակողմ է՝ վարկառու ընտանիքի, բանկի ու Արցախի Բնակարանային հարցերով կոմիտեի միջեւ։ Վարկերը նախկինում վճարվել են Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներից։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախը էթնիկ զտման ենթարկվեց ու ամբողջովին հայաթափվեց, այս խնդրին Հայաստանի տարածքում լուծում չի տրվել։ Բանկերն այս ծրագրի շահառու ճանաչված մոտ 90 ընտանիքներին իրազեկել են, որ արդեն պետք է վճարումներ կատարեն։
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստանում զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներից, որոնց բանկերից զանգել ու զգուշացրել են, որ այդ պարտավորություններն անցել են իրենց ընտանիքներին։ Ըստ Լիաննա Պետրոսյանի՝ այդ ընտանիքներին ասել են, որ եթե մինչեւ մայիսի 5–ը չվճարվեն կուտակված պարտքերն ու տոկոսները, վարկը դասվելու է որպես ժամկետանց, հետո գույքի բռնագանձման գործընթաց է սկսվելու։
«Առավոտի» հետ զրույցում Լիաննա Պետրոսյանն ասաց, որ դեռեւս հստակեցում չկա, Հայաստանի կառավարության մակարդակով որեւէ պատասխան չի հնչել բարձրաձայնած խնդրին։ «Ինչպես գիտենք, Արցախի կառավարության պարտավորությունները ֆինանսական կառույցների նկատմամբ անցել են Հայաստանի կառավարությանը, վարկերի ինչ-որ հատված զիջվել են, այդ թվում՝ ոսկու գրավով վարկերը։ Եվ կարծում եմ, որ այդ համատեքստում այս դեպքում եւս ինչ-որ որոշում պետք է լինի, որպեսզի խոցելի խմբում գտնվող մոտ 90 ընտանիքների վարկային բեռը վերցվի»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Հայկ Հովսեփյանը, որը համակարգում է արցախցիների դիմումներն այս հարցով, մեզ հետ զրույցում ասաց, որ շահառու արցախցիների անունից դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սպասում են պատասխանի։
Նրա խոսքով՝ 2023 թվականի աշնանից բանկը վարկային արձակուրդ է տվել, այդ ժամանակվանից մինչեւ հիմա ոչ մի վճարում չի կատարվել։ Եվ եթե հիմա Հայաստանի կառավարության կողմից աջակցություն չլինի, ստացվում է, որ այդ ընտանիքները չեն կարող վճարել այդ գումարները։ «Իմ կարծիքով՝ այդ հարցին հիմա պետք է լուծում տա ՀՀ կառավարությունը՝ հաշվի առնելով, որ Արցախն այլեւս չկա»,- ասաց Հայկ Հովսեփյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ