Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը՝ հանդիպման առանցքում

Մարտ 10,2025 17:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։

Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա:

Այցի շրջանակում COMEX պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանի և Դանիել Դանիելյանի, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի դասագրքերի առկայության, լեզուների դասավանդման, այդ լեզուներով դիդակտիկ նյութերի, ցուցանակների առկայության հարցերը։ Անդրադարձ է եղել մանկավարժական կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը, ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության, ազգային ավանդույթների պահպանման և զարգացման ուղղությամբ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին:

ԿԳՄՍՆ նախարարի տեղակալները վերահաստատել են նախարարության հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի սկզբունքների կատարման և խարտիայի դրույթների իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ազգային փոքրամասնությունները պետության ուշադրության կենտրոնում են։ Նշվել է, որ կշարունակվի գործուն քայլերի ձեռնարկումը՝  ՀՀ-ում բնակվող փոքրամասնությունների լեզվի, ազգային ավանդույթների, մշակույթի պահպանման և զարգացման ուղղությամբ:

ԵԽ պատվիրակության կազմում էին Տարածաշրջանային  կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամներ Բելգրադի համալսարանի Լեզվաբանության և սլավոնագիտության պրոֆեսոր Լյուդմիլա Պոպովիչը (Սերբիա), Ավստրիայի Գրացի համալսարանի Իրավունքի և կառավարման գծով պրոֆեսոր Յուրգեն Պիրկերը (Ավստրիա) և մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը (Հայաստան): Պատվիրակությանն ուղեկցել է ԵԽ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի քարտուղարության ներկայացուցիչ Կինգա Ջենսեն-Մագյարը:

Պատվիրակության անդամները նաև փաստահավաք այցելություններ են կատարել Արզնի, Ալագյազ, Լերմոնտովո, Յաղդան, Ֆերիկ բնակավայրերի հանրակրթական դպրոցներ, որոնցում դասավանդվում են ազգային փոքրամասնությունների լեզուները։ Պատվիրակության անդամները հանդիպել են դպրոցների ուսուցչական և ղեկավար կազմի, ինչպես նաև ՏԻՄ ներկայացուցիչների և ավագանու անդամների հետ:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության, Արդարադատության նախարարություններում, Հանրային հեռարձակողի խորհրդում, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի ստորաբաժանման ներկայացուցիչների, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում ընդգրկված ՀԿ-ների հետ: Հայաստան այցի ընթացքում COMEX պատվիրակությունը քննարկումներ է ունեցել նաև Ազգային ժողովի՝ ասորի և եզդի ազգային փոքրամասնություններին ներկայացնող  պատգամավորների հետ:

Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի այցին հետևելու է վերոնշյալ հարցերի վերաբերյալ զեկույցի հրապարակումը:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31