«Այդ գործիքների մի մասի մասին խոսել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները։ Այնպես չէ, որ ՀՀ իշխանություններն այդ հնարավորության մասին տեղյակ չեն ու չէին։ Ուղղակի քաղաքական կամքն առկա չէ»,- հարցին՝ ի՞նչ գնահատական կտաք Ռուբեն Վարդանյանի փաստաբանի այն կարծիքին, որ ՀՀ կառավարությունը կարող էր քայլեր ձեռնարկել, որոնք չի ձեռնարկել, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի նախկին պետնախարար ու նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա՝ այս շինծու դատավարությունների՝ թափ առնելուց որոշ ժամանակ անց միայն սկսեցին հրապարակային որոշ քայլեր կատարել այն դեպքում, որ դրա վերաբերյալ պիտի վաղուց խոսեին, քանի որ ռիսկերը հստակ առկա էին։ Հիշեցմանը՝ ՀՀ իշխանությունները նշում են, որ առաջնորդվում են այն սկզբունքով, որպեսզի էլ ավելի չվնասեն գերիներին, Արտակ Բեգլարյանն ասաց․ «Հստակ է, որ եթե անգործություն է ցուցաբերվում, արդեն վնասում են։ Ալիևյան ռեժիմի ընդհանուր ձեռագիրը պարզ է։ Բացի դրանից իրենք՝ Նիկոլ Փաշինյանը, տարբեր պաշտոնյաներ, երբեմն գերիների վերաբերյալ բավականին վտանգավոր հայտարարություններ էին անում։ Դա վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, նախկին երեք նախագահներին, Դավիթ Իշխանյանին։ Առնվազն այս հինգի վերաբերյալ անվանական վտանգավոր հայտարարություններ են եղել։ Դրանով վնասել են մեր գերիներին, երբ հայտարարել են, որ պատրաստ են միջպետական գանգատները հետ վերցնել։ Այդ գանգատները ներառում են նաև գերիների պաշտպանությանը և վերադարձին առնչվող պահանջներ, որոշումներ, միջանկյալ միջոցներ։
Հնարավորության առումով կարծում եմ՝ լավագույն հնարավորությունն առաջին հերթին 2023-ի նոյեմբերի 17-ին արդարադատության միջազգային դատարանի հրամանն էր և դրանից հետո կայացված գործարքը դեկտեմբերին, որի դիմաց 32 գերի վերադարձավ։ Կարելի էր COP29-ի վերաբերյալ ՀՀ համաձայնությունն օգտագործել և ավելի շատ գերիներ բերել։ Մի ռազմագերի 2023-ի սեպտեմբերին գերեվարվել էր, որին վերադարձրինք։ Ոչ մի տարբերություն իր ու մնացած ռազմագերիների մեջ, որոնք շինծու դատավարությունների մեջ են։ Այս յոթին նույնպես կարելի էր վերադարձնել։ COP29-ն այնքան արժեքավոր միջոցառում էր Ալիևի համար, որ կարելի էր նույնիսկ մնացածին էլ հետ բերել։ Նրբությունները շատ են, դժվար է գնահատական տալը։ Մինչև COP29-ի կազմակերպումը կրկին մենք ունեինք հնարավորության պատուհան։ Պատահական չէ, որ Ադրբեջանի դատախազությունն անընդհատ երկարացնում էր կալանքի ժամկետը, որ այս շինծու դատավարությունը սկսվեց COP9-ից հետո։ Եթե ՀՀ-ի կողմից ճնշումը մեծ լիներ, որ կալանքի ժամկետը լրիվ թաքնված կերպով վարագույրների հետևում չպետք է անհիմն հետաձգել, այդ դեպքում միգուցե հնարավոր լիներ լրացուցիչ պաշտպանական միջոցներ ձեռնարկել»։
Արտակ Բեգլարյանի համար հստակ է ՀՀ իշխանությունների ռազմավարությունը․ «Քանիցս Նիկոլ Փաշինյանն անձամբ ասել է, որ իրենք չեն ուզում բախումնային տրամաբանության մեջ մտնել Ադրբեջանի հետ՝ այդ թվում մշակութային ժառանգության պաշտպանության, վերադարձի իրավունքի պաշտպանության, գերիների վերաբերյալ պահանջների և այլ հարցերի հետ կապված»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի