«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի համոզմամբ՝ անկախ նրանից, թե այսօր դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար ինչ խափանման միջոց կընտրի, դա չպետք է շփոթել արդարադատության իրականացման հետ:
«2 տարի կարված գործով, որը սարքվել է միայն Նիկոլի հանձնարարությունը կատարելու համար, որ ՀՀԿ փոխնախագահին մեկուսացնեն հասարակաքաղաքական գործընթացներից, որ դադարի ճշմարտությունը պատմել Հայաստանի քաղաքացիներին: Ինչ էլ լինի այսօր՝ արդարադատության իրականացում չի լինելու»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Գյումրիում ու Փարաքարում սպասվող ՏԻՄ ընտրություններին ու Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 9-ին Գյումրի մեկնելուն, պատգամավորն ասաց, որ դա լավագույն հիշեցումն է՝ ով է Նիկոլ Փաշինյանն ու ինչի է ընդունակ. «Աթոռի պաշտպանության հետեւից է գնացել, էլի սպառնաց, բռնաճնշումների կոչ արեց: Հանձնարարականները տվել, եկել է, թե ում փռեն ասֆալտին ու ինչ անեն… ինքը հիշեցրեց, որ նույնիսկ Գյումրիում աթոռը պահելու համար պատրաստ են յուրաքանչյուրին ասֆալտին ծեփել: Ի՞նչ ազատ ընտրությունների մասին է խոսքը: Երեկ Փաշինյանը փակեց Գյումրիում ազատ ու արդար ընտրությունների թեման, որովհետեւ գնաց ու տվեց բոլոր հանձնարարությունները»:
Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգում հայտնված՝ ով է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել քննարկումներին, Աննա Մկրտչյանը շարունակեց. «Հայ ժողովուրդը վստահ արդեն գիտի, որ 2018-ին ինքը չէ Նիկոլին իշխանության բերել: 2018-ին թուրք-ադրբեջանական փողերով այն միջնորդավորված արտաքին տերերի միջոցով ու օգնությամբ, որ կազմակերպվել էր ՀՀ-ում պետական հեղաշրջումը, այ դրա մեջ հայ ժողովուրդն ընդամենը ֆոն է եղել»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ