Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստի ժամանակ, երբ ներկայացվում էր հետազոտվող ապացույցների մի մասը, ասաց, որ առարկում է միայն դրանց մի մասը դիտարկել, որովհետեւ այդպես համատեքստից կտրված է լինելու: Դատարանը որոշեց ուսումնասիրել բոլոր տեսանյութերը:
Փաստաբանն ասաց, որ ցավոք Իսագուլյանի՝ տարբեր հարթակներում արված հայտարարությունները դարձել են օբյեկտիվ իրականություն:
«Սրանք քաղաքական հայտարարություններ են… Հարց է առաջանում՝ պատշաճ չքննելու արդյունքում արդյոք այն պաշտոնատար անձինք, որոնք ունեին պարտականություն նույնիսկ այս պարագայում, որ հաղորդում չի տրվել, հանցակազմի տարրը պարունակող օբյեկտիվ կողմի գործողությունն առկա չէ, արդյոք կանխելու համար նրանք չպե՞տք է անեին պատշաճ գործողություններ: Փաստ է, չէ՞, որ մեր տարածքները տրվում են, ասվել է, արվում է, փաստ է, որ օրինակ, որ ադրբեջանական գումարների հետ կապված՝ հիմա կան նաեւ միջազգային բանկի կողմից փաստեր: Սրանք մի մասն են, որոնք ես հայտարարում եմ: Կա նաեւ Միքայել Համբարձումյանի՝ ԱԱԾ տնօրենի հարցազրույցը: Այս բոլորը մեկ առ մեկ հիմնավորում է, որ Շուշիի դրվագի հետ կապված Իսագուլյանն ինչ ասել է, իրողություններ են:
Կարդացեք նաև
Հիմա հարց՝ արդյոք այդ քննիչները պետական դավաճանություն չեն կատարել, որովհետեւ իրոք քննեին, իսկ դուք տեսնում եք, որ քննությունն առկա չէ, իսկ ես միջնորդելու եմ, որ որոշակի ապացույցներ հետազոտվեն, մենք այս արդյունքը կարող է չունենայինք» ,-ասաց Գառնիկ Իսագուլյանի պաշտպանը:
Գառնիկ Իսագուլյանն էլ նշեց, որ թեեւ իր՝ 2020թ. արված հայտարարություններում եւ ելույթներում հույզեր կան, սակայն եղել է նաեւ հստակ ակնարկ, որ հողեր են հանձնվում. «Եթե ԱԱԾ-ն եւ մյուս մարմիններն իսկապես զբաղվեին այս ամենով, հաստատ մենք այդ կորուստները չէինք ունենա: Ցավոք սրտի, հիմա որ հետին թվով նայում եմ այս ամեն ինչին, ինձ եմ մեղադրում՝ այ ընկեր, գուշակություններ մի արա, մի ասա, որ իրականություն է դառնալու, որովհետեւ դրա համար քեզ դատում են : Սա ինձ համար մեծագույն ցավ է, երեւի տարիներ անց հասարակությունը կտեսնի, որ Իսագուլյանն ինչ ասել էր, համապատասխան ինստիտուտների չգործելու արդյունքում դարձել է իրականություն»:
Մանրամասն տեսանյութում.
Լրագրողների հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը կրկին անդրադարձավ իր արձանագրումներին. «Երբ 2020թ դրությամբ մեղադրանք առաջադրվեց, մենք միայն պաշտպանվում էինք, ասում էինք ՝ հաղորդում չի տրվել: Հիմա քանի որ դրանք բոլորն իրողություն են, մենք ասում ենք՝ այդ քննիչները պետական դավաճաններ են, որովհետեւ պատշաճ քննություն չեն կատարել: Իհարկե, չեմ խախտում նրանց անմեղության կանխավարկածը, բայց եթե իրենք գտնում էին, որ սա հաղորդում է հանցագործության մասին, ամենաքիչը պետք է նախաքննություն անեին, բոլոր վկաներին կանչեին, եւ Շուշիի դրվագի հետ կապված՝ Փաշինյանին լսեին, եւ ԱԱԾ տնօրենին, վերջիվերջո կան հարցազրույցներ, որտեղ Շուշիի անկման մասին կոնկրետ ասում է՝ ավելի վաղ են իմացել»:
Գառնիկ Իսագուլյանն էլ նշեց, որ 5 տարի առաջ արած իր բոլոր կանխատեսումներն իրականացել են. «Հիմա էլ եմ ինչ-որ բաներ ասում, որոնց համար քրեական գործեր են հարուցվել, բայց ասածներս կատարվում են: Արդեն վախենում եմ՝ ինչ-որ բաներ կանխատեսել, թե ինչ ընթացք կարող է ունենալ, եթե ազգիս պատուհասը նորից մնա իշխանության: Շատերն իրենց համարում են չգիտեմ ինչ փորձագետ, իրականում եթե մարդը եթե նայում է դեպքերի ընթացքը, կարող է հասկանալ, թե դրանից հետո ինչ է տեղի ունենալու: Դա պետք է համեմատել նաեւ տարածաշրջանում եւ աշխարհում ընթացքող գործընթացների հետ: Եթե այս ամենը չեն կարողանում տեսնել, դա ողբերգություն է»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ