«Հետք». Google-ը 2021-2024 թվականներին ավելի քան 16 հազար ադրբեջանական ալիք է արգելափակել YouTube-ում, որոնցով Հայաստանին քննադատող ու ադրբեջանական կառավարությանը փառաբանող բովանդակություն է տարածվել։ Ընդ որում՝ այս ծավալի շուրջ 87%-ը հայտնաբերվել և արգելափակվել է 2024 թվականին։ Այս մասին նշվում է ընկերության Սպառնալիքների վերլուծության խմբի (Threat Analysis Group) տեղեկագրերում։
Ադրբեջանի հետ կապվող գործողությունների հետաքննության մասին այս տեղեկագրերում առաջին անգամ նշվել է 2021-ի երկրորդ քառորդում։ 2021 թվականի հունիսին ադրբեջաներենով և հայերենով ադրբեջանական բանակին աջակցող բովանդակություն տարածող 33 ալիք էր արգելափակվել։ Սպառնալիքների վերլուծության խումբը նշել էր, որ իրենց հայտնաբերած օրինակները նման են Facebook-ի բացահայտումներին։
2020 թվականի հոկտեմբերին Facebook ընկերությունը (2021-ից` Meta) կեղծ օգտահաշիվներով քարոզչություն տարածող ցանց էր բացահայտել Ադրբեջանում։ Հրապարակումները հիմնականում ադրբեջաներենով էին, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն։ Մեկնաբանությունները հաճախ անդրադառնում էին տեղական և տարածաշրջանային նորություններին ու իրադարձություններին, քաղաքականությանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությանը։ Տարածվող բովանդակությամբ գովերգվում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, դավաճանության համար մեղադրվում էին ընդդիմադիր գործիչները, հերքվում էին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները։
Այս բացահայտումից հետո Google-ը ևս սկսեց անդրադառնալ Ադրբեջանի հետ կապվող քարոզչական գործողություններին։
Սպառնալիքների վերլուծության խումբը վերջին տարիներին մեկ անգամ էլ հիշատակել է հայերեն բովանդակության արգելափակման մասին․ Google News-ում հայերենով և վրացերենով ռուսամետ բովանդակություն է տարածվել, անդրադարձ է կատարվել երկու երկրների քաղաքական գործընթացներին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: